Մամուլը գրում է՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ոչ միայն մի քանի փոխմարզպետներ, այլև որոշ մարզպետներ:
Մասնավորապես, ակտիվորեն խոսվում է Լոռու, Կոտայքի, Արմավիրի մարզպետների մասին: Այս ցուցակը կարող է և վերջնական չլինել:
Irakanum.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի պետ Նունե Այլաջյանը անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պոտրոսյանին վերաբերող տեղեկատվությանը, նշեց․ «Մենք հերքում ենք այս տեղեկությունը և՛ մարզպետի հրաժարականի, և՛ նրան հեռացնելու հետ կապված․ այն չի համապատասխանում իրականությանը»։
Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Պողոսյանը ևս հերքեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերող հրապարակումները։
Հիշեցնենք՝ մամուլն այսօր գրեց՝ ըստ մարզպետի մերձավոր շրջապատի՝ Համբարձում Մաթևոսյանը արձակուրդից չի վերադառնա մարզպետարան, քանի որ կլինի այն մարզպետների շարքում, որոնք նշանակվելու են այլ աշխատանքի, որը անհամեմատ ավելի պակաս պատասխանատվություն է ենթադրում, այսինքն՝ «անշառ» գործ է:
«Մարզպետն այժմ օրենքով սահմանված կարգով արձակուրդի մեջ է։ Պաշտոնակության հետ կապված՝ ոչ մի հավաստի տեղեկություն չկա․ այդ հրապարակման մեջ նշվում է «ըստ մարզպետի մերձավոր շրջապատի», իսկ դա ոչ հավաստի ինչ-որ ինֆորմացիա է, ենթադրություն է։ Ոչ մի առիթ, ոչ մի խոսակցություն չի եղել նման բան անգամ ենթադրելու համար», - եզրափակեց Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետը։
Լոռու մարզպետարանից ևս հերքեցին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հնարավոր պաշտոնակության հետ կապված տեղեկությունները։
«Մարզպետի հետ զրուցեցի․ նա խնդրեց փոխանցել, որ իր հետ կապված նման տիպի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում», - մեր թղթակցի հարցմանը պատասխանեց Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։
Հիշեցնենք՝ երեկ էլ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե առաջիկայում իր պաշտոնը կարող է լքել նաև Արագածոտնի մարզպետը։ Մասնավորապես, նշվում էր՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կարող է նշանակվել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ: Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանը, սակայն, Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այս տեղեկատվությունը։