00:00:00

Բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է. Կդիմանա՞ իշխանությունը դրա գայթակղությանը. «168 ժամ»

13:49, 04 հունիս 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։ Առաջվա նման, գներն անհասկանալի բարձրանում և իջնում են, դա տեղի է ունենում միաժամանակ բոլորի մոտ, ինչպես նախկինում էր, շուկայում մրցակցային երևույթներ չեն նկատվում։ Իսկ այն, որ կենտրոնացվածությունը նվազել է, խոշոր խաղացողները կորցրել են զբաղեցրած դիրքերը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Այն, ինչ ասվել է, իրական պատկերը չէ։ Մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս մեկ անգամ չէ, որ կառավարությունը հպարտացել է, թե շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ հաջողության է հասել։ Մի շարք գերկենտրոնացված շուկաներում խոշոր խաղացողների մասնակցությունն էապես նվազել է։ Որպես օրինակ՝ սովորաբար բերվում է շաքարավազի, բանանի և բենզինի շուկաները։ Սրանք այն շուկաներն են, որոնք միշտ էլ առանձնացել են բարձր կենտրոնացվածությամբ։ Տարիներ շարունակ ընդունված է եղել ասել, որ այդ շուկաներում գներն արհեստականորեն բարձր են ձևավորվում։ Այնպես չէ, որ այդ խոսակցություններն անհիմն են եղել, չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդպիսի դեպքեր երբևէ չի բացահայտել։ Թերևս դա է պատճառներից մեկը, որ Հանձնաժողովի գործունեության նկատմամբ միշտ էլ հասարակության վստահությունը ցածր է եղել։ Ի՞նչ կփոխվի առաջիկայում, դեռ վաղ է ասել։ Այս փուլում ընթանում է Հանձնաժողովի, այսպես ասած, վերակազմավորում։ Այն նոր նախագահ ունի, փոխվում է կազմը։ Թե դա ինչպե՞ս կազդի հասարակության վերաբերմունքի վրա, կախված է կառույցի հետագա աշխատանքից։ Առաջիկայում Հանձնաժողովի նոր նախագահին առաջին փորձությունն է սպասվում. ուսումնասիրվում է բենզինի շուկան` պետք է պարզել գնային տատանումների պատճառները։ Ե՞րբ կլինեն արդյունքները, հայտնի չէ։ Հանձնաժողովը սովորաբար շատ երկար է աշխատում։ Այնքան երկար, որ հաճախ ուսումնասիրության արդյունքները պարզապես կորցնում են իրենց արդիականությունն ու իմաստը։ Ինչևէ, մինչ Հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկան, այստեղ սպասվում է մասնակիցների թվի համալում։ Այդ մասին օրերս Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. «Մոտակա կես կամ մեկ տարում կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան։ Ենթադրում ենք, որ շատ շուտով շուկայում նոր խաղացող կհայտնվի, ինչը կհանգեցնի որոշ ընկերությունների օլիգոպոլ դիրքերի թուլացմանը»։ Իշխանափոխությունից անմիջապես հետո էլ կառավարությունը հայտարարում էր, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։ Ու որպեսզի տպավորություն ստեղծեր, թե ինչպիսի աննախադեպ հաջողության է հասել ընդամենը մի քանի ամսում` շրջանառության մեջ դրվեց շաքարավազի, բանանի և բենզինի շուկաներում արձանագրված արդյունքները։ Թեև բենզինի շուկայի երկու խոշոր մասնակիցներից մեկը կորցրել է դիրքերը, այնուհանդերձ այնպես չէ, որ դա հանգեցրել է կենտրոնացվածության թուլացման։ Այդ նույն ժամանակահատվածում շուկայի երկրորդ խոշոր խաղացողի դիրքերը ոչ միայն ամրապնդվել են, այլև ընդլայնվել։ Այլ կերպ ասած, տեղի է ունեցել շուկայի գերկենտրոնացվածության խորացում` մեկ ընկերության ձեռքում, ինչը, իհարկե, մրցակցային միջավայրի տեսակետից ավելի վատ երևույթ է։ Փոխարենը մտածելու այդ մասին, հիմա էլ կառավարությունը հույսը դրել է նոր ընկերության վրա, որը պիտի գա ու կփոխի բենզինի շուկան։ Ժամանակին նման իրավիճակի մեկ անգամ արդեն բախվել ենք։ Եկավ «Մաքս Պետրոլը»։ Կարճ ժամանակ անց գները բավական կտրուկ նվազեցին։ Թվում էր, թե եկել է բենզինի ոլորտում իրական մրցակցություն հաստատելու ժամանակը։ Սակայն պարզվեց՝ այդպես չէ, գործ ունենք շուկայի սովորական վերաբաշխման հետ։ Որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձավ նախկին վիճակին։ Պարզապես շուկայի մասնակիցների թիվն ավելացավ մեկով, իսկ մյուսների մասնաբաժինն այս կամ այն չափով կրճատվեց։ Բայց դրանից շուկայի մրցակցային իրավիճակն այդպես էլ չփոխվեց։ Ոչինչ չշահեց նաև սպառողը։ Ցանկացած իշխանության համար բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է, որի կողքով անհնար է անտարբեր անցնել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր