Լեւոն Քոչարյանը հերքել է 4 միլիարդ դոլար ունենալ պնդումը: «Մարդիկ ընդհանրապես պատկերացնու՞մ են որքան է միլիարդը», – ասել է նա: Պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներով են ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ Լեւոն Քոչարյանն ասել է, որ զբաղվում է բիզնեսով, իսկ եղբայրն իրենից շուտ է սկսել դրանով զբաղվել: Լեւոն Քոչարյանն ասել է, որ միլիարդատեր չէ, բայց միլիոնատեր է:
Այսպիսով, հանրությունը վերջապես կարող է մոտավոր պատկերացնել, թե որքան գումար ունի Քոչարյան ընտանիքը՝ քիչ միլիարդից, բայց շատ միլիոնից:
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ հրապարակվեց 4 միլիարդ դոլար թիվը: Իբր, այդքան է Քոչարյանների ընտանիքի կարողությունը: Ոչ ոք այդպես էլ ապացույցներ չներկայացրեց, բայց թիվն այնքան տպավորվեց հանրային գիտակցության մեջ, որ եթե հիմա, օրինակ, Քոչարյանը «վերադարձնի» 3,5 միլիարդ, ապա նրանից կպահանջեն եւս կես միլիարդ:
Ըստ ամենայնի, 4 միլիարդի աղբյուր կարելի է համարել ռուսական versia.ru-ի հրապարակումը, որում հղում է արվում ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանին:
2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում լեգենդ է անվանել 4 միլիարդ դոլար կարողության մասին տեղեկությունները: Նա ասել է, որ 4 միլիարդի մասին տեղեկությունը, բացարձակ հիմարություն լինելով, ուժեղ հարվածում է վարկանիշին: Հարցին՝ արդյոք իրեն հարուստ մարդ է համարում, Քոչարյանը պատասխանել է. «Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում եւս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով»: Քոչարյանն ասել էր, որ նկատի ունի իր որդիների բիզնեսները:
Լեւոն Քոչարյանը փաստացի խոստովանել է, որ միլիոնատեր է: Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանի նախկին նախագահը 0.0032% բաժնեմաս ունի Սիստեմա ընկերությունում, նաեւ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է ու աշխատավարձ է ստանում:
Versia.ru-ի տվյալներով, Քոչարյանին ու ընտանիքին են պատկանում մի շարք ընկերություններ կամ էլ դրանց բաժնետոմսերի զգալի մասը: Դրանց թվում են Արցախբանկը, ՄԱՊ ընկերությունը, Յունիբանկը, Արդշինինվեստբանկը, Կոնվերսբանկը, Renko Construction-ը, Նաիրի բժշկական կենտրոնը, Ղ-Տելեկոմը, Հայաստանում Տոյոտա ընկերության ներկայացուցչությունը, Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունը: Այս տվյալների մի մասը հերքվել է:
Կավկազսկի ուզել պարբերականը 2018 թվականի գրել է, որ «4 միլիարդ դոլարն արդեն 10 տարուց ավելի քննարկվում է եւ այդ ընթացքում մի բան չի հերիքել՝ ապացույցներ»:
ԿՈւ-ի հեղինակի տվյալներով, ընտանիքին են պատկանում Նաիրի բժշկական կենտրոնը (հնարավոր է, համասեփականատեր են), Նաիրի ապահովագրական ընկերությունը, Ռեդիսոն հյուրանոցը, հնարավոր է, մի շարք այլ հյուրանոցներ, այդ թվում՝ Ծաղկաձորում: 2007 թվականին Հայաստան մտավ երկրորդ խոշոր օպերատորը՝ Վիվասելը (ՄՏՍ), որը ներկայում Սիստեմայի կազմում է: Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականին տեղ ստացավ Սիստեմայի տնօրենների խորհրդում, ավելի ուշ բաժնենաս գնեց այդ ընկերությունում, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: ԿՈւ-ն Քոչարյան ընտանիքի կարողությունը գնահատել է 250 միլիոն դոլար: