«Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նոր ընկերություն է սկսել զբաղվել միրգ-բանջարեղենի մթերմամբ։ Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պնդել էր, թե առաջին անգամ է լսում ընկերության մասին։ «Առաջին անգամ եմ լսում այս ընկերության մասին»,- ասել էր Անանյանը։
Տեղեկությունների համաձայն ընկերությունը պատկանում է նոյեմբերյանցի Արման Ամիրաղյանին, որը հայտնի է նրանով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ից Հրանտ Վարդանյանի որդու դեմ եւ պարտվել վերջինիս։ Արման Ամիրաղյանի «Արման-օյլ» ձեռնարկությունների ցանցն ավելի հայտնի է, քան «Բեստ Ֆրութը»։ Այն նոր ընկերություն է։
Բացի հիշյալ ընկերության մասին հրապարակումներից, օրեր առաջ լրատվամիջոցներով տարածվեց նոր տեղեկատվություն, համաձայն, որի պտուղ- բանջարեղենի մթերմամբ մեկ այլ ընկերություն եւս զբաղվելու է։ ««Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5 հազար սուպերմարկետների հետ եւ ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը: Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստներն արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: Մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի,- խոստանում են ընկերությունից՝ ավելացնելով։ - Սա ինֆորմացիա է այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ «Սպայկայի» դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու»,- ասված էր հայտարարությունում։
Ընկերության հիմնադիրը Գրիգոր Տեր- Ղազարյանն է։ Վերջինս Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։
Թե ի՞նչ թափով է մտնելու շուկա այս ընկերությունը եւ որտեղ է այն գործելու կներկայացնենք առաջիկայում։ Իսկ առայժմ արձանագրենք, որ ըստ էության հերթական ընկերությունը, որը փորձում է մուտք գործել շուկա իրապես կարող է դառնալ փրկօղակ ստեղծված իրավիճակում։ Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ցանկացած քայլ լուրջ խթան է, որպեսզի գործող իշխանությունների հայտարարած տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչվի։
Irakanum.am