Անտոն Քոչինյանի 1955թ. կարգադրությամբ 2001 թվականին սեփականաշնորհվել է Երեւանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը։ Այն մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկն է: ԱՕԿՍ-ի շենքը պետական հուշարձան է: Եւ ահա այդ պետական հուշարձանը դեռևս 2001-ին սեփականաշնորհել են ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գրում է hetq.am-ը:
1955թ. Անտոն Քոչինյանը եղել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի նախագահը։ Եւ 1955թ. նրա կարգադրությունը 2001-ին պաշտոնյաները կարողացել են դնել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հիմքում։ Մի զարմացեք. պաշտոնյաները փող աշխատելու համար տիրապետում են խարդախության բոլոր ձևերին։ Նման դեպքերում պետական տարբեր մարմիններ, գերատեսչություններ սկսում են «թղթեր» դասավորել: Դատարկ թղթապանակը կարճ ժամանակ հետո լցվում է տարատեսակ տեղեկանքներով: Եւ Ազգային արխիվի՝ ԱՕԿՍ-ի թղթապանակում հայտնվում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են հանրահայտ Ռոբերտ Նազարյանը (տե՛ս որոշումը) ուԵրվանդ Զախարյանը (տե՛ս որոշումը), ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, զանազան ճարտարապետներ, փոխքաղաքապետեր, եւ գործը նրանց օգնությամբ գլուխ է բերվում: Վերեւներից ով ում համար է զանգել, ով ումից որքան գումար է վերցրել՝ դժվար է ասել: Եթե իրավապահները ցանկանան, իհարկե, կարող են պարզել ամեն ինչ, բայց ինչու՞ պիտի անեն:

Լեոնիդ Բրեժնևը և Անտոն Քոչինյանը
Մոգական փաստաթուղթը. ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը
Նախ՝ ներկայացնենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանից մի հատված. «...Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս սեփականության իրավունքը 18.04.2003 թվականին ստացել է իրավունքի պետական գրանցում: Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի մյուս տարածքները, մասնավորապես, շենքի՝ դեպի Աբովյան փողոցին հարող, 1-ին և 2-րդ հարկերը, ինչպես նաև դեպի նախկին Լալայանց փողոցին հարող նկուղային և 1-ին և 2-րդ հարկերը, որպես 1056.19քմ մակերեսով մեկ ամբողջական միավոր, 03.07.2001 թվականին սեփականության իրավունքով գրանցվել են «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության անվամբ: Շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ դրանցով զբաղեցված 0.07945հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը, հաշվեկշռային արժեքի վերաբերյալ հասարակական կազմակերպության 22.06.2001թ. №Ա-97 տեղեկանքը, հողհատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը և այդ որոշման հիման վրա 01.06.2001 թվականին կնքված հողօգտագործման պայմանագիրը: Հետագայում՝ 23.02.2007 թվականին կնքված պայմանագրով հասարակական կազմակերպությունը նշված գույքից դեպի նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածը օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը, որը իրավունքի գրանցումից հետո վերջինիս կողմից քանդվել է: Մնացած՝ 526.9քմ մակերեսով տարածքը 22.11.2011 թվականին կնքված ավանդի ներդրման պայմանագրով ներդրվել է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում և ներկայումս այն սեփականության իրավունքով գրանցված է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ»:
Սամվել Մայրապետյանին ԱՕԿՍ-ի տարածքից օտարվել է 529.29 քմ
Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը «ԱՕԿՍ»-ի՝ նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29 քմ մակերեսով հատվածը օտարել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Այս ընկերության սեփականատերը էլիտար շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանն է: Այժմ այդտեղ Ս. Մայրապետյանը բարձրահարկ շենք-հյուրանոցային համալիր է կառուցել, որը նախագծել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն: Քաղաքի այդ հատվածում հողի 1քմ-ը մասնագետները գնահատում են նվազագույնը հազար դոլար: Դա նշանակում է, որ հողատարածքի համար այս պաշտոնյաները ստացել են մոտ կես միլիոն դոլար, կամ էլ կառուցվող շենքերում այդ գումարին համարժեք բնակարաններ են ստացել Մայրապետյանից: Ս. Մայրապետյանի եւ Ա. Սմբատյանի գործարքները հայտնի են Սմբատյանի՝ Կոնսերվատորիայի ռեկտոր եղած տարիներից: Նրանք նաեւ միասին աշխատել են մշակույթի նախարարությունում, երբ Ա. Սմբատյանը նախարար էր: Երեւանի Բայրոնի փողոցում Մայրապետյանի կառուցած էլիտար շենքի տարածքի մի հատվածը պատկանում էր Կոնսերվատորիային, եւ Սմբատյանի ձեռքով է այն հանձնվել Մայրապետյանին: Բայց սա էլ առանձին պատմություն է:
Առեղծվածային «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 5-ին՝ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների։ ՀԿ-ի հիմնադիրները նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն են։ 2011թ. սեպտեմբերի 27-ին «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ կապիտալով։ Այսինքն՝ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները նույնպես նրանք են` Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը։ 2011թ. դեկտեմբերի 2-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիր կապիտալը փոխվել է եւ դարձել 201 մլն դրամ։ 2012թ. օգոստոսի 1-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը փոխվել է, եւ 100 տոկոսանոց բաժնետեր է դարձել օֆշորում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ԲՎԿ ընկերությունը։ Սա նշանակում է, որ կամ` 1. Արմեն Սբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը օֆշորում գրանցել են ընկերություն, որը դարձել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, կամ՝ 2. «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վաճառվել են օֆշորային ընկերությանը: Ընկերությունը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սի Մեդոու Հաուս, Բլեքբըրն Հայուեյ, Ռոուդ Թաուն, Թորթոլա, 116 հասցեում։ Ընկերության անունից հանդես է եկել Գոռ Համլետի Դավթյանը։ 2014թ. մարտի 26-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են։ Եւ այն այսօր ունի այսպիսի տեսք․ «ԱՕԿՍ» ՍՊԸ- ի տնօրենն է Գոռ Համլետի Դավթյանը։ Ադելա Ստեփանյանը, որը տնօրինում է «ԱՕԿՍ» ՍՊԸ- ի 25%-ը, Գոռ Դավթյանի մայրն է։Ո՞վ է Գոռ Դավթյանը
Գոռ Դավթյանի անունը մամուլում հայտնվել է 2010թ., երբ «Բջնի» գործարանը խլվեց Խաչատուր Սուքիասյանից։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008-ին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Գործարանը անցավ այն ժամանակ ԱԺ պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Եւ գործարանի սեփականատիրոջ փոփոխության ժամանակ ակտիվ դերակատարություն է ունեցել Գոռ Դավթյանը։ (««Տնտեսական» քաղաքականություն կամ Սուքիասյանների ունեզրկումը», «Նպատակը մեկն է. Սուքիասյաններից խլել այդ գործարանը ևս»): Գոռ Դավթյանին է պատկանում «Աուդիտ սերվիս» ՍՊԸ-ն: Նա նաև ղեկավարում է ընկերությունը: Ընկերությունը, ինչպես նշված է կայքում, մատուցում է «իրավաբանական ծառայություններ, խորհրդատվություն, տեղեկատվություն, ֆինանսներ»: Գոռ Համլետի Դավթյանը 50 տոկոս բաժնետեր է եղել «Սոխոսենթր» ՍՊԸ-ում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012թ. փետրվարի 17-ին։ Ընկերության գրանցումից մի քանի ամիս հետո` 2012թ. հուլիսի 26-ին, կառավարությունը կայացրել է 1052 – Ա որոշումը Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Կասկածելի այս որոշմանը դեռ կանդրադառնանք, կներկայացնենք նաեւ Արմեն Սմբատյանի եւ Հասմիկ Պողոսյանի առնչությունը այս ընկերությանը եւ կառավարության վերոհիշյալ որոշմանը:
«Թիֆլիս» ՍՊԸ
«Թիֆլիս» ՍՊԸ-ն նույնպես գտնվում է Աբովյան 3 հասցեում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996թ. ապրիլի 30-ին։ Հիմնադիր կապիտալն այժմ կազմում է 15 մլն դրամ։ Ընկերության գրանցումից 8 օր հետո (08.05.1996թ.), Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Ընկերության սեփականատերերը այդ ժամանակ եղել են երեքը՝ Սահակյան Սամվել - 21% Աղաջանյան Աննա - 64% Աղաջանյան Վարազդատ - 15% 2013-ի հունիսին ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Վաղարշակ Հակոբյանը։ Վաղարշակ Հակոբյանը Հասմիկ Պողոսյանի որդին է։ Իսկ ընկերության տնօրենը նորից Գոռ Դավթյանն է։«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն
«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն 2005 թվականին հիմնադրել են Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը։ Այդ ժամանակ Սմբատյանը եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, 1997թ.-ից եղել է նաև ԱՕԿՍ-ի նախագահը: Իսկ Հասմիկ Պողոսյանը եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ) խորհրդի նախագահը։ 2006-ին Հասմիկ Պողոսյանը նշանակվեց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Դրանից հետո «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն սկսեց բազմաթիվ ծրագրեր իրականացնել Հասմիկ Պողոսյանի ղեկավարած նախարարության հետ։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նամակ ուղարկեցինք՝ խնդրելով պատասխանել, թե ինչպես է սեփականաշնորհվել ԱՕԿՍ-ի շենքը, եւ ովքեր են այսօր այդ շենքի սեփականատերերը: Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա. Մուրադյանը գրել է, թե ներկայացված հարցադրումների պատասխանները Մշակույթի նախարարության իրավասություններից դուրս են: Նմանատիպ մի նամակ էլ ուղարկեցինք նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանին, ով, սակայն, դեռևս չի պատասխանել նամակին: ԱՕԿՍ-ի շենքի առաջին հարկում և տանիքում, ինչպես նաև շենքի դիմաց այժմ գործում է «Բլեք Բերրի» սրճարանը: «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն»-ը տեղափոխվել է շենքից և գործում է Սարյան փողոցում: Այստեղից մեզ հայտնեցին, որ ԱՕԿՍ-ի շենքի երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
1923թ. խորհրդային իշխանությունները բռնագրավել են բժիշկ Հովհաննիսյանի տունը, և մինչև 1944թ-ը այնտեղ գործել է Տրոպիկական ինստիտուտը (մալարիայի հիվանդանոց): 1944թ-ին շենքը հանձնվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությանը, որի նպատակն է եղել «ՀՍՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխըմբռնումը» զարգացնելն ու ամրապնդելը: Շենքում գործել է նաև ՀՍՍՀ Արտաքին գործերի մինիստրությունը:
ԱՕԿՍ-ի շենքը կառուցված է երևանյան սրբատաշ սև տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները` փայտից: Շենքի անձնագրում գրված է, որ այն արժեքավոր է որպես Երևանի 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հուշարձան. «Այն ժամանակաշրջանի նման տիպի լավագույն շինություններից է»:
«Իր ճարտարապետական-գեղարվեստական չափանիշներով` ծավալատարածական լուծումներով և օրիգինալ դեկորատիվ հարդարանքով, շինությունը չունի իր նմանը իր ժամանակի Երևանից պահպանված ճարտարապետական հուշարձանների մեջ»,- գրում է ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանը իր հեղինակած «Հին Երևան» կայքում:
Հուշարձանն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում