00:00:00

Ի՞նչ է ասելու Իսոյի փաստաբանը․ Սարդարյանը մամլո ասուլիս է հրավիրել

16:03, 16 մարտ 2019 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ Իսոն Irakanum.am-ի քրեակատարողական հիմնարկում մարտի 13-ից անժամկետ հայտարարել է հացադուլ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Իսրայել Սարգսյանը դիմում է հասցեագրել ՔԿՀ պետին, հայտնելով, որ շուրջ հինգ տարի է գտնվում է անազատության եւ դատական պրոցեսների մեջ։ Սարգսյանը նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, կառուցված է օպերատիվ բնույթի վարկածների, ենթադրությունների հիման վրա։ Իսրայել Սարգսյանը նաեւ նշել է, որ մի շարք փաստական ապացույցներ դուրս են մնացել քրեական գործից։ Հաշվի առնելով այս եւ այլ հանգամանքներ, վերջինս ՔԿՀ պետին ուղղված նամակում տեղեկացրել է, որ հայտարարել է անժամկետ հացադուլ։ Իսրայել Սարգսյանի փաստաբան Հեկտոր Սարդարյանը Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը նորմալ է։ Փաստաբանը տեղեկացրեց, որ մարտի 18-ին, երկուշաբթի օրը նախատեսված է իր մամլո ասուլիսը, որի ժամանակ նա կներկայացնի տարիներ շարունակ ընթացող դատական նիստից եւ նախաքննությունից դուրս մնացած կարեւորագույն փաստեր, որոնք լույս կսփռեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանը առանց ապացույցների դատավճիռ է կայացրել։ Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում եւ դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել: Առաջադրված մեղադրանքում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր