00:00:00

Մայթերին մսի առևտուրը չպետք է հանդուրժենք․ Փաշինյան

15:40, 15 մարտ 2019 Տնտեսություն

Մարտի 15-ը սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրն է: Միջազգային օրվան նվիրված համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ելույթի իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ սպառողը պետք է վստահ լինի, որ իր գնած ապրանքը համապատասխանում է ներկայացված քանակին ու որակին: Վարչապետն օրինակ բերեց, որ եթե քաղաքացին բենզալցակայանում ցանկանում է 15 լիտր բենզին գնել, պետք է վստահ լինի, որ համապատասխան 15 լիտր է ստանում, կամ եթե իր երեխայի համար խաղալիք է գնում, պետք է վստահ կլինի, որ պետությունը հոգ է տարել, որ երեխայի առողջությանը դրանք չվնասեն, և կամ եթե խանութում գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ գնածն իսկապես կաթնամթերք է: «Չպետք է մոռանալ՝ անցած տարիներին վիճակը ինչպես է եղել, երբ երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի համակարգը փոխվեց և այդ ամենը սկսել է սեղանիկներից, կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալ տեղի է էր ունենում բառացիորեն մայթերին, և դա այն ցնցումների հետևանքներն էին, որ մեր երկիրը և ոչ միայն մեր երկիրը վերապրեց: Կարծում եմ՝ ժամանակները փոխվել են, և այս իրավիճակին մենք պետք է ցուցաբերենք այլ մոտեցում»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնություն է պետության համար: «Եվ չպետք է այս գործընթացները զուգահեռենք սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Այդ թեման շատ է շահարկվում, եթե մենք մայթերին մսի առևտուրը հանդուրժենք, որովհետև սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ մեր երկիրը ցածր ստանդարտների երկիր է»,- ասաց նա : Վարչապետի խոսքով՝  իրենց աշխատանքն է, որ սննդի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցվի: Ըստ նրա՝ պետությունը կարևորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը: «Ստանդարտների բարձրացումն ու սահմանումը մեր արտադրանքի համար հնարավորություն կտա ի վերջո իրագործել Կառավարության առանցքային դրույթներից մեկը, ունենալ արտահանմանը միտված տնտեսություն»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ բոլոր հնարավոր առումներով ստանդարտները բարձրացնում են: Վարչապետը նշեց, որ սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնես միջավայրի հետ հարաբերությունները պետք է հենված լինեն վստահության վրա: «Սա կարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր