Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնում է, որ, ըստ իրենց ուսումնասիրության, Սեդրակ Քոչարյանը իր հիմնադրած ընկերություններից մեկում կազմակերպել և ղեկավարել է հարկման հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթաց, որից հետո, ցանկանալով թաքցնել պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումներ կատարելով։
Տեղեկացրել էինք, որ Սեդրակ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, եւ դատական հայց է ներկայացնելու ԱԱԾ-ի դեմ։
Irakanum.am-ը օրեր առաջ գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ապօրինի հարստացման եւ եկամուտները թաքցնելու գործով առաջիկայում մեղադրանք է առաջադրելու նաեւ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին։
ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լեւոն Քոչարյանը ԱԱԾ-ում չի հարցաքննվել։
Քիչ առաջ էլ լրատվամիջոցներից մեկը հրապարակեց, որ տեղեկությունների համաձայն Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Mamul.am-ի տեղեկությունների համաձայն առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ:
Պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Քոչարյաններին ըստ էությնա տխուր ժամանակներ են սպասվում։
Irakanum.am