00:00:00

Խարդախությամբ հափշտակել էր 15 000 ԱՄՆ դոլար՝ խոստանալով տեղավորել աշխատանքի. մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն

21:42, 26 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 1963 թվականին, Շիրակի մարզում բնակվող իր ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս երկու որդիները և ազգականներից երեքը ցանկանում են աշխատանքի տեղավորվել, մտադրվել է խարդախությամբ հափշտակել նրանց՝ առանձնապես խոշոր չափերի գույքը: Մասնավորապես՝ 56-ամյա տղամարդը, խեղաթյուրելով իրականությունը, խոստացել է օգնել՝ առաջարկելով նրանց աշխատանքի տեղավորել Գյումրիում տեղակայված ռուսական զորամասերից մեկում: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատանքի տեղավորելու համար պետական վճարումներ կատարելու պատրվակով յուրաքանչյուրից նա պահանջել է 3 000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի բնակիչը և վերջինիս երեք ազգականները 2014թ. ապրիլին 56-ամյա տղամարդուն են տվել ընդհանուր 15 000 ԱՄՆ դոլար: Ըստ պայմանավորվածության՝ վերջինս պետք է փոխանցեր կատարված վճարումները հավաստող կտրոնները, սակայն գումարն ստանալուց հետո նա, հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 000 ԱՄՆ դոլար գումարը, մեկնել է երկրից: Նախաքննության ընթացքում 56-ամյա տղամարդը վերադարձրել է խարդախությամբ հափշտակված գումարները և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր