00:00:00

Ինձ տարան Գասպարյան Վովայի ու Կուտոյանի մոտ. շտապօգնության վարորդի ցուցմունքը

17:06, 20 փետրվար 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը: Դատարանը շարունակում է գործով տուժողների հարցաքննությունը: Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արմեն Բիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից:Իր հերթին հանրային պաշտպանի ծառայությունից հրաժարվելու հայտարարություն արեց Վարուժան Ավետիսյանը: Դատավոր Մակյանը նշեց. «Հիմք ընդունելով հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կայացրած որոշումները՝ որոշում կայացվեց գործով հանրային պաշտպան Դիանա Ղազարյանի փոխարեն այսուհետ Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին կշարունակի պաշտպանել Վահե Եփրիկյանը»: Դատարանում հարցաքննվեց շտապօգնության վարորդ Լյուդվիգ Չալաբյանը, որը 2016 թվականի հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի եւ բժշկուհի Անահիտ Ենգիբարյանի հետ մտել է ՊՊԾ գունդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Դատավորի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, նրանց տեսել է դեպքի օրը: Դատավորի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ ՊՊԾ գնդում խառնաշփոթ իրավիճակ էր, սակայն չկարողացավ նկարագրել, թե ի՞նչ նկատի ուներ՝ խառնաշփոթ ասելով: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ո՞ր օրն եք մտել գնդի տարածք, տուժողը պատասխանեց՝ «մայիս ամիսն էր ոնց որ, չեմ հիշում»: Տուժողն ասաց, որ ինքը գնդի տարածքից ելումուտ է արել, մասնավորապես դատարանում հայտարեց, որ իրեն տարել են Էրեբունու ոստիկանապետի, ապա Վլադիմիր Գասպարյանի (ՀՀ նախկին ոստիկանապետ,-հեղ.) եւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մոտ. «Տարան Գասպարյան Վովայի, Կուտիկյանի (նկատի ունի Կուոտյանին) մոտ: Ասացին՝ կարա՞ս էլի մտնես գունդ, ասացի՝ հա, բա՝ չե՞ս վախենում, ասացի՝ չէ, ինչից վախենամ, ասեցի՝ տղերքը մեզ հետ շատ նորմալ են, մեզ բան չեն ասել: Ասացին՝ կարա՞ս Ալեք Ենգիմոշյանին մտցնես գունդ, ասել եմ՝ հա: Չես վախենո՞ւմ, ասացի՝ չէ: Մտել եմ Ալեք Ենգիոմշյանի թեւը, մտել գունդ ու դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- պատմեց տուժողը: Հարցին՝ թե մինչեւ մյուս բրիգադի ներկայանալը, դուք կարո՞ղ էիք գնդից դուրս գալ, Չալաբյանը պատասխանեց, որ չէին կարող: Նշենք, որ Չալաբյանը դատարան գրավոր դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ չի առարկում, որպեսզի այս գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի: Նա դատարանում ցուցմունք տալիս եւս պնդեց, որ չի առարկում համաներման կիրառման դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր