Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ։ 2018 թվականի նոյեմբերի 9-ին Գյումրի քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում են ներկայացրել «Գյումրու թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կատարվող չարաշահումների վերաբերյալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնական դիրքը, դպրոցի ուսուցիչուհիներից մեկին 2015-2016թթ․ ուսումնական տարվա ընթացքում, շուրջ 9 ամիս, մեկ այլ ուսուցչուհու փոխարինող դասաժամերն հատկացնելու համար, որպես կաշառք նրանից ստացել է ամսական 10000-20000 ՀՀ դրամ։ Ըստ ձեռք բերված տվյալների նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից 2018թ․ փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50000 դրամ՝ վերջինիս հաստիքը չկրճատելու համար։