Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ գիշերը Թումանյան փողոցից բերման է ենթարկվել Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերգեյի» որդին՝ 23 ամյա Արման Մանուկյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանություն բերման ենթարկված Արման Մանուկյանը եղել է Rols- Royce մակնիշի մեքենայով։ Տեղեկությունների համաձայն երիտասարդի մոտ նաեւ զենք է հայտնաբերվել։ Դեպքը տեղի է ունեցել Թումանյան- Մաշտոց փողոցների խաչմերուկում։
Հիշեցնենք, որ «Շինանյութի Սերգեյի» որդուն նախորդ տարի առեւանգել էին։ Ուկրաինայում առեւանգել էին նաեւ Սերգեյ Մանուկյանի զարմիկին։ Ամիսներ շարունակ նրանք փնտրվում էին։ Առեւանգողները պահանջում էին փրկագին։ Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել էին, որ նրանց 70 օր պահել են շղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւանգողներին։
Այս պատմությունը բավականին մութ էջեր ուներ, որոնց մասին Մանուկյանները լռում են։ Հայաստանում տարբեր վարկածներ էին շրջանառվում առեւանգման հետ կապված։ Լուրեր էին պտտվում նաեւ այն մասին, որ «Շինանյութի Սերգեյի» որդուն եւ զարմիկին առեւանգողները կարող էին Հայաստանից պատվեր իջեցրած լինել։
Հիշեցնենք նաեւ, որ Սերգեյ Մանուկյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանի աներն է։
Irakanum.am