00:00:00

Արցախի թեման հանեք նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից. Արա Բաբլոյանի հայտարարությունը

20:00, 28 նոյեմբեր 2018

Բոլորին հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ի դեպ, չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձություններ չէին կարող ինձ անտարբեր թողնել: Այդ իրադարձությունները ստիպեցին ինձ կրկին դիմել բոլորիդ ավագ ընկերոջ իրավունքով: Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որեւէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես նաեւ այդ արժեքները չեն կարող իջեցվել անձնական կամ քաղաքական նախընտրական շահերի մակարդակ: Այդ արժեքներում իր ուրույն տեղն ունի Արցախը: Ընդամենը երկու տարի առաջ՝ ապրիլին, բոլորս կրկին փաստեցինք ու համոզվեցինք, որ Արցախի անվտանգությունն ու արցախաբնակ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը գտնվում  են բոլորիս հոգածության ներքո: Մեզանից յուրաքանչյուրը ցույց տվեց, որ կանգնած է Արցախի ու արցախցու թիկունքին, ապացուցեց, որ մեր ողջ ուժն ուղղված է Արցախի ու արցախցու պաշտպանությանը: Արցախի հարցում մեզանում գոյություն չպետք է ունենան սեւեր, կարմիրներ, սպիտակներ կամ կանաչներ: Քաղաքական գույների բաժանումները, եթե չենք կարողանում հրաժարվել դրանցից, տարածենք բացառապես քաղաքական պայքարի վրա, իսկ Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն ունեն ընդամենը մեկ միասնական գույն, եւ դա հայկական եռագույնն է: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերվում է բոլոր քաղաքական ուժերին: Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից: Դիմում եմ Արցախի իմ քույրերին ու եղբայրներին: Խնդրում եմ նախընտրական այս օրերին զերծ մնալ կրքեր բորբոքելուց եւ անարձագանք թողնել հնչեցվող որոշ հայտարարություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանք են: Ինչպես արդեն նշեցի, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բարեկեցիկ ապագան բոլորիս միասնական նպատակն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր