00:00:00

Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. Մ. Հայրապետյան

16:18, 23 նոյեմբեր 2018

Հեղափոխությունից հետո  հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց  ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար  Մխիթար Հայրապետյանը: Նրա խոսքով՝ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն: «Ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից,  Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, փորձել ենք օպերատիվ կերպով լուծել այն խնդիրները, որոնք չէին պահանջում օրենսդրական նախաձեռնություններ: Սա այն թիվն է, երբ հայրենադարձված ընտանիքն ուղղակի եկել է նախարարություն: Հայրենադարձված ընտանիքների թիվն, անկասկած, ավելի մեծ կլինի»,-  ասաց Հայրապետյանը: Մ.Հայրապետյանը նշեց, որ 2018 թվականի ընթացքում սփյուռքի նախարարություն է դիմել Սիրիայից Հայաստան տեղափոխված 930 սիրիահայ՝ 951 խնդրով:Նրանցից 639-ը վերաբերել են բժշկական սպասարկմանը, 124-ը՝ բնակվարձի աջակցությանը, 52-ը` աշխատանքի տեղավորմանը, 38-ը՝ կրթական, 51-ը` իրավական/փաստաթղթային, 47-ը` այլ խնդիրների: «ՀՀ կառավարության աշխատակազմ է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագիծը»,- ասաց Հայրապետյանը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Գյուլպենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ 2018-2019 թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50%-ի չափով մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացման նպատակով կազմված՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: Հայտագրվել է 296 ուսանող, որից 47-ի ուսման վարձավճարների 50%-ը՝ մոտ 13 մլն 700 հազար ՀՀ դրամի չափով, կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր