00:00:00

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված գալա-համերգ

20:25, 23 սեպտեմբեր 2026 Հասարակություն

ՀՀ Անկախության 35-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ դեսպանությունը Հռոմում կազմակերպել է երաժշտությանը, մշակույթին և հայ-իտալական երկխոսությանը նվիրված հատուկ երեկո։ Այս մասին տեղեկանում են Իտալիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:

«Հռոմի սրտում, Սուրբ աթոռի հարևանությամբ գտնվող Իտալիայի լավագույն մշակութային հարթակներից մեկում՝ «Աուդիտորիում Կոնչիլիացիոնե» (Auditorium Conciliazione) համերգասրահում, տեղի ունեցավ շքեղ համերգ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35 ամյակին։ Երեկոյին հնչեցին Ա․Խաչատուրյանի, Ա․Բաբաջանյանի, Կոմիտասի, Ազնավուրի, ինչպես նաև Ն․Ռոտայի, Է․ Մորրիկոնեի, Ս․ Չիպրիանիի, Ա․ Տրովայոլիի և Ռ․ Օրտոլանիի ստեղծագործությունները։ Միջոցառմանը ներկա էին Իտալիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Իտալիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Իտալիայի հասարակական և մշակույթի գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև Հայաստանի բարեկամ իտալացի բազմաթիվ հյուրեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Շուրջ 1500 հանդիսատես հյուրընկալող դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Հանդիսավոր երեկոն բացել և ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Իր ելույթում դեսպանն ընդգծել է, որ ժողովրդական նոր մանդատով օժտված Հայաստանի Հանրապետության իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն առաջ են մղում երկրում և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման քաղաքականությունը։ Նա նաև ասել է, որ Հայաստանի կայուն առաջընթացի հիմնասյունը ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքի գերակայությունն են։

Դեսպանն անդրադարձել է նաև երկրի տնտեսական ռազմավարությանը՝ նշելով, որ Հայաստանն այսօր բաց է նոր շուկաների և գործընկերների համար։ Անդրադառնալով հայ-իտալական երկկողմ հարաբերություններին դեսպանն ընդգծել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպանը նաև անդրադարձել է օրերս Երևանում Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակության արդյունավետ հանդիպումներին։

«Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկավ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, հայ–իտալական բարեկամական խմբի ղեկավար, նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիո Չենտեմերոն։ Նա նույնպես խոսեց տարածաշրջանում հաստատված խաղաղության մասին, նշելով վարչապետ Փաշինյանի ցուցաբերած վճռականությունն ու հետևողականությունը: Նա հայտնեց նաև Իտալիայի աջակցության խաղաղության ամրապնդմանն ուղղված ամեն տեսակի նախաձեռնություններին: Համերգին հաջորդեց ընդունելություն, որի ընթացքում հյուրերին մատուցվեցին հայկական ազգային խոհանոցի ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով հայկական խոհարարական հարուստ ժառանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր