00:00:00

Տղամարդը աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է կնոջ դեմքին և մարմնին, դանակով հարվածներ է հասցրել

15:38, 21 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. օգոստոսի 2-ին Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակչուհի՝ ծնված 1988 թվականին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի, գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքերի, ձախ նստատեղի շրջանի ծակած-կտրած վերքի ձևով վնասվածքներով, որոնք առաջ են բերել 2-3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ և ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի զարգացման: Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննություն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ՝ ծնված 1974 թվականին: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի օրը 44-ամյա տղամարդը, դռան սողնակը բացելու միջոցով մուտք է գործել նախկին կնոջ տուն, խանդի շարժառիթով, կնոջը կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախօրոք վերցրած շշով աղաթթու տեսակի պրեկուրսորը լցրել է նրա դեմքին և մարմնին, ապա դանակի 7 հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում կենսական կարևոր օրգաններին՝ կնոջ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր