00:00:00

«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը

21:13, 17 նոյեմբեր 2018

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։ Ինչպես հայտնում է belsat.eu կայքը, արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»: «Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ «պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոներն անընդունելի են մեծ քաղաքականությունում»: «Ափսոս: Լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»,-եզրափակել է խոսնակը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման շրջանակում ներկայացրել էր ավելի վաղ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկված թեմաները: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից: «Դա մոտավորապես նույնն է, եթե ես հրավիրեի ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող որևէ երկրի դեսպանի ու պատմեի նրան փակ դռների հետևում կայացած հանդիպման մասին»,-ասել էր Փաշինյանը: tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր