Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար:
Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ:
Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ:
Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով:
Լավ եղեք: