00:00:00

Բերդավանցիները փակել են ճանապարհը. նրանք պահանջում են վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

17:08, 17 նոյեմբեր 2018

Տավուշի մարզի Բերդավան գյուղում այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին: Բողոքի ակցիայի մասնակիցները NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին փակել են դեպի Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում: Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել այն անձանց հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել՝ Ասկերովի եւ Գուլիեւի. «Չնայած այս ամենին, համապատասխան աշխատանք է տարվում, հայրենակցին վերադարձնելու հարցը օրակարգում է»: Այս հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում ԿԽՄԿ հետ սերտ համագործակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր