Օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյան անունով երիտասարդը նշանակվեց ՀՀ տնտեսական ներդրումների եւ զարգացման նախարար Սուրեն Կարայանի տեղակալ: Ավանեսյանը ընդամենը 24 տարեկան է: Նրա 25 ամյակը լրանալու է վաղը՝ մարտի 10-ին: Irakanum.am-ն արդեն ներկայացրել էր երիտասարդ փոխնախարարի կենսագրականից որոշ տվյալներ: Վերջինս ավարտել է Հայ- ռուսական համալսարանը:
Ի դեպ Ավանեսյանը փոխնախարար նշանակվելուց մի քանի օր առաջ է պաշտպանել թեկնածուական թեզը:
Մեզ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանին՝ որդուն փոխնախարար նշանակելու հարցում միջնորդել է Ավանեսյանի հայրը՝ նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը: Վերջինս հիշեցնենք, 2013 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար (ներկայումս տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարություն): Այդ պաշտոնում Ավանեսյանը պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն նախկին նախարար հայրը պարզապես ցանկացել է որդուն փոխնախարարի պաշտոն նվիրել, ինչը եւ ըստ էության ստացվել է: Աշխարհը «փոխող» Կարեն Կարապետյանը ընդառաջել է Ավանեսյանին, նրա շատ երիտասարդ որդուն վստահելով երկրի կարեւորագույն ոլորտներից մեկի փոխնախարարի պաշտոնը: Խոստովանենք, որ նմանատիպ նշանակումներով եւ նվերներով Կարեն Կարապետյանին իհարկե հաջողվում է զարմացնել աշխարհին, փոխել՝ ոչ:
Փայլակ Ֆահրադյան