«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին եւ մինչեւ հունիսի 7-ը, ամեն օր հիշեք Գերմանիայի նշանավոր կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի խոսքերը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Այս՝ առաջիկա ամիսներին դեռ շատ կստեն ու մեզ կմոլորեցնեն, կփորձեն ապակողմնորոշել ու կողմնորոշել, համոզել ու ներշնչել: Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին:
Մի հավատացեք եւ ոչ մի սոցիոլոգիական հարցման արդյունքներին ու դրանցով մի կողմնորոշվեք ո՛չ ուժերի հարաբերակցության, ո՛չ ձեր անելիքների հարցում: Մի վստահեք եւ ոչ մի քաղաքագետի ու քաղաքագիտական վերլուծության: Մի լսեք ոչ մի խոստում եւ ապագայում ոսկե սարեր կառուցելու առաջարկ:
Մի վախեցեք եւ ոչ մի սպառնալիքից ու մի հավատացեք ոմանց տեսլականներին` ո՛չ խաղաղության եւ ո՛չ էլ պատերազմի: Մի առաջնորդվեք ո՛չ ձեր անմիջական ղեկավարի, ո՛չ պաշտոն զբաղեցնող ազգականների, ո՛չ էլ փողատերերի խորհուրդներով: Առհասարակ, այն ամենը, ինչը հնարավոր չէ շոշափել, տեսնել, զգալ, ուշադրության մի արժանացրեք:
Կհարցնեք` իսկ ինչպե՞ս կողմնորոշվենք եւ ո՞ւմ ընտրենք: Մի չափանիշ վերցրեք կողմնորոշման համար` ռեալ, շոշափելի փաստերը, արդեն կայացած իրողությունները: Ինչպիսի՞ կառավարում է իրականացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին 8 տարվա ընթացքում: Ինչպիսի՞ բարեկեցություն է ապահովել երկրում, ինչքանո՞վ ենք մենք խաղաղ ապրել այս 8 տարիներին, ի՞նչ են կառուցել ու ստեղծել: Ի՞նչ են ստեղծել իրենց կյանքի ընթացքում այն ուժերը, որոնք իշխանության չեն այսօր: Եթե ժամանակին իշխանության են եղել, ի՞նչ են արել պաշտոնավարման ընթացքում: Եթե իշխանության չեն եղել, ի՞նչ են ստեղծել` ի՞նչ շոշափելի արդյունք, ինչպիսի՞ աշխատանքային միջավայր, ի՞նչ են ասում նրանց մասին իրենց կուսակիցներն ու աշխատողները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։