00:00:00

«Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը Իրանի շուկային մոտ լինելն է». Կարեն Կարապետյան

19:08, 08 մարտ 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Սյունիքի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 275.04 մլրդ դրամ, գյուղատնտեսականինը՝ 62,1 մլրդ դրամ, շինարարությանը 18.08 մլրդ դրամ, մանրածախ ապրանքաշրջանառությանը՝ 19.4 մլրդ դրամ, վճարովի ծառայություններինը՝ 35.5 մլրդ դրամ: Զարգացման ներդրումային և վարկային ծրագրերի շրջանակում իրականացվել է 40.2 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել է 573 հիմնական աշխատատեղ: 2018թ. նախատեսվում է 52.2 մլրդ դրամի ներդրում և 1077 ոչ գյուղատնտեսական աշխատատեղի ստեղծում: Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի շրջանակում Կապանում «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ՍՊԸ-ի ջանքերով արդեն գործում է իտալական պիցցայի արտադրության ձեռնարկություն, ստեղծված է 10 աշխատատեղ, 2018 թ. նախատեսվում է ունենալ մոտ 70 աշխատատեղ: Ներդրվել է 500 հազ ԱՄՆ դոլար, սարքավորումները ներկրվել են Իտալիայից: Ձեռնարկությունը ստացել է «Հալալ»-ի սերտիֆիկատ, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Իրան: Կապանում բացվել է մուլտի բրենդ աութլեթ խանութ. ներդրվել է 20 մլն դրամ, ստեղծվել է 10 աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ արդեն դիմել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարություն, որպեսզի մրցույթ հայտարարվի Կապան-Ջուլֆա ավտոբուսային երթուղու համար, որի նպատակը Իրանի Արազ ազատ տնտեսական գոտու ներկայացուցչության հետ համագործակցության զարգացումն է: Սկսվել է Կապանի օդանավակայանի ուղևորային համալիրի շինարարությունը. նախատեսվում է շուրջ 4.5 մլրդ դրամի ներդրում, 15-25 աշխատատեղի ստեղծում: Մարտի 15-ին Կապանում կբացվի գերմանական արտադրության կինոտեխնիկայով հագեցած կինոթատրոն. ներդրումների ծավալը կազմում է 140 մլն դրամ, կստեղծվի 10-15 աշխատատեղ: 2018 թ. Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում կսկսի աշխատել մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան (100 աշխատատեղ, արտահանման շուկան՝ Ուկրաինա): Զբոսաշրջության ծրագրերի շրջանակում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2018-2025 թթ. «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը՝ 25-26 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով. 2018թ. ներդրումների ծավալը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, ստեղծվելիք աշխատատեղերի թիվը՝ 100: Տաթև համայնքում նախատեսվում է սկսել էքստրիմ կենտրոնի շինարարություն, որը ներառելու է նաև զիփլայն համալիր: Ներդրումային ծրագրի արժեքը 1,7 մլն ԱՄՆ դոլար է. այն կիրականացվի 3 փուլով, յուրաքանչյուրի տևողությունը՝ 1 տարի, կստեղծվի 130 աշխատատեղ. 2018 թ. ներդրումները կկազմեն 1 մլն ԱՄՆ դոլար, աշխատատեղերի թիվը՝ 40: Ընդհանուր առմամբ մասնավոր ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում 2018 թ. ակնկալվում է բիզնես ոլորտի աճ 15 տոկոսով: Զեկուցվել է, որ 2017 թ. համայնքային ցուցանիշները հետևյալն են. մարզի 8 համայնքի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1,685,7 մլն դրամ՝ 2016թ. համեմատ 21,2 տոկոս ավելի: Այս տարի նախատեսվում է հավաքագրել 1902.9 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է այլ մարզերի ցուցանիշների հետ համեմատական վերլուծություն անցկացնել՝ բազաները ճշգրտելու և սեփական եկամուտների կատարողականի բարձր մակարդակ ապահովելու համար: Աղբահանության գումարների հավաքագրման ծավալը 2017 թ. կազմել է 229.4 մլն դրամ, ծախսը՝ 310.4 մլն դրամ. հավաքագրումն ընդհանուր ծախսի նկատմամբ կազմել է 74 տոկոս: 2018 թ. նախատեսվում է հավաքագրել շուրջ 284.6 մլն դրամ, ծախսը՝ 357,2 մլն դրամ. հավաքագրումն ընդհանուր ծախսի նկատմամբ՝ 80 տոկոս: 2017 թ. աղբահանության ծառայություն է մատուցվել մարզի 15 բնակավայրում, բնակչության թիվը՝ 104300 մարդ: 2018 թ. նախատեսվում է  բնակավայրերի թիվը հասցնել 33-ի, բնակչության թիվը՝ 117200-ի (մարզի բնակչության 84,5 տոկոսը): Տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1862 պայմանագիր, մինչև 2018 թ. մարտի վերջ նախատեսվում է ավարտին հասցնել պայմանագրերի կնքման գործընթացը՝ այդ ցուցանիշը հասցնելով 2000-ի։ Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների և խնդիրների ձևակերպման կոնկրետության կապակցությամբ՝ հորդորելով շարունակել նույն տեմպով: Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբերյալ զեկուցվել է, որ մարզում առկա է 1113 հա պտղատու այգի, որից 25 հա-ն ինտենսիվ այգիներ են, մնացած 1028 հա-ն՝ ավանդական, որոնց շուրջ 60 տոկոսը ենթակա է թարմացման: 2018 թ. նախատեսվում է ինտենսիվ այգիների մակերեսն ավելացնել ևս 45 հա-ով՝ դարձնելով 70 հա: Մարզում գործում է 5 սպանդանոց, 2018թ. նախատեսվում է կառուցել ևս 3-ը, 1-ի շինաշխատանքներն սկսվել են: 2017 թ. տարբեր ծրագրերով ձեռք է բերվել 48 միավոր գյուղտեխնիկա. ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող լիզինգի ծրագրով ձեռք է բերվել 3 տրակտոր և 6 գյուղգործիք, 2018 թ. նախատեսվում է լիզինգով ձեռք բերել ևս 9 միավոր տեխնիկա, ներկայացվել է 7 հայտ: 2018 թ. նախատեսվում է 1.2 մլրդ դրամի ներդրում, 500 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է 5 տոկոս աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018 թ. համար պետք է ավելի բարձր նշաձող դնել՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում առկա հնարավորությունները և հանձնարարել ակտիվ աշխատել ֆերմերների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ ինտենսիվ այգիների, կաթիլային համակարգի, լիզինգի ծրագրերի համանմանությամբ նույնպիսի ծրագիր է պատրաստվել նաև անասնապահության ոլորտի համար. այն կներկայացվի մարտի 15-ին, և ֆերմերներին պետք է տեղյակ պահել այդ մասին: «Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետև  Իրանի շուկան շատ մեծ է: Իրանի հետ մենք ունեցել ենք բավական արդյունավետ խոսակցություն: Մենք Իրան արտահանում ենք ընդամենը 25 մլն ԱՄՆ դոլար ապրանք առանց էներգետիկայի՝ այն պարագայում, երբ Իրանը ներմուծում է 41.5 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք: Պայմանավորվել ենք արտահանող-ներմուծող ընկերություն ստեղծել և աշխատել ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը հենց այդ շուկային սահմանակից լինելու հանգամանքը պետք է լինի», - ասել է Կարեն Կարապետյանը:  Սյունիքի մարզում ոռոգելի հողատարածքների ծավալը 8.2 հազ. հա է, փաստացի ոռոգվում է 4700 հա. չոռոգման հիմնական պատճառը ներքին ցանցերի բացակայությունն է: Մարզպետի խոսքով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ քննարկվել է Մեղրու տարածաշրջանում ջրամբարի կառուցման հարցը: Այժմ ուսումնասիրության փուլում են նախագծային փաստաթղթերը, ծրագրի նախնական արժեքը մոտ 2.5 մլն ԱՄՆ դոլար է: Անդրադառնալով խնդրի լուծմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է. «Ջրամատակարարման ապահովման հարցը մեզ համար թիվ մեկ թեման է լինելու, այսինքն՝ մենք հիմա ինչքան գումար խնայողություն անենք և ինչքան ավելի հավաքենք, հիմնական մասն ուղղելու ենք ջրամատակարարմանը: Մեր ջրային ռազմավարության մի մասը հետևյալն է. խոշոր ջրամբարներից անցում կատարել փոքր ու միջին ջրամբարաշինությանը՝ ներգրավելով մասնավոր բիզնեսին: Ծրագրով 11 ջրամբար է ընտրված՝ բիզնես տրամաբանությամբ: Մենք կսուբսիդավորենք ջրամբարի ծրագիրը՝ կամ գնելու, կամ կառուցելու ժամանակ: Եթե, ասենք, պայմանականորեն 10 միլիոնանոց ծրագիր է, և բիզնեսը ֆինանսավորում է 7 մլն-ը, ապա պետությունը կսուբսիդավորի 3 մլն-ը: Արդյունքում կունենանք 10 միլիոնանոց ջրամբարի բանաձև և ոչ բարձր սակագին: Ես ջրամբարների ծրագրին հավատում եմ և պետություն-մասնավոր համագործակցության ամենաարագ արդյունք տվող ծրագրերից մեկն եմ համարում», - նշել է կառավարության ղեկավարը՝ առաջարկելով Սյունիքի մարզի բիզնես կառույցների հետ քննարկել և կառավարություն ներկայացնել բիզնես ծրագիր: Սյունիքի մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ վճարովի ծառայություններից 2016թ. մուտքագրվել է 151,2 մլն դրամ, 2017թ.՝ 402.4 մլն դրամ. աճը կազմել է 2.6 անգամ: 2018 թ. վճարովի ծառայություններից կանխատեսվում է մուտքագրել 482.0 մլն դրամ, պլանավորված աճը՝ 19.7 տոկոս: 2018 թ. Գորիսի բժշկական կենտրոնը կհամալրվի անգիոգրաֆով, կբացվի ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունքը: Իսկ կրթության վերաբերյալ զեկուցվել է, որ Սյունիքի մարզում կա 118 դպրոց, բոլորում դասավանդվում է ֆիզկուլտուրա, օտար լեզուների դասավանդման մակարդակը նույնպես լավ է: Որոշ դպրոցներում 3 օտար լեզու է դասավանդվում, առաջարկվում է քննարկել նաև պարսկերենի դասավանդման հարցը: 40 դպրոցում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան: Ճանապարհի խնդիր չունեցող գյուղական համայնքների դպրոցներում, որոնք կազմում են 30-40 տոկոս, գործում են երեխաների զբաղվածությունն ապահովող տարբեր խմբակներ: Վարչապետն արդյունավետ է գնահատել թե′ առողջապահության, թե′ կրթության ոլորտներում կատարված աշխատանքը՝ հորդորելով շարունակել աշխատանքներն էլ ավելի բարձր ցուցանիշներ արձանագրելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանին ներկայացվել է նաև «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ նախատեսվում է Գորիսում իրականացնել 54 մշակութային միջոցառում, որոնք  կմեկնարկեն հուլիսի 7-8-ին և կշարունակվեն մինչև ուշ աշուն: ԱՊՀ երկրներից ներկա կլինեն շուրջ 250 արտիստներ, նախատեսվում է պաշտոնական նախարարական պատվիրակությունների մասնակցություն: Հյուրեր կլինեն նաև հարևան, ինչպես նաև այլ երկրներից: Արմեն Ամիրյանի խոսքով՝ ծրագրում ներառված են նաև մնայուն միջոցառումներ՝ ԱՊՀ երկրների երիտասարդ քանդակագործների սիմպոզիումը, որի շրջանակում ստեղծվելու է 22 քանդակ, որոնք մնալու են Գորիսում, Սերո Խանզադյանի թանգարանի բացումը, գրախանութ-սրճարանի բացումը և այլն: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, ընդգծել է, որ միջոցառումները պետք է համահունչ լինեն Գորիս քաղաքի կոլորիտին և միջավայրին: «Գորիսը տուրիստական մեծ ներուժ ունի. սիրուն, ճիշտ կազմակերպված քաղաք է, և հիմնական նպատակը պետք է լինի, որպեսզի իրականացվելիք միջոցառումները ոչ թե մեկանգամյա կամ մի քանի օրվա էֆեկտ ունենան, այլ հետագայում էլ ապահովեն Գորիսի զբոսաշրջային գրավչությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր