Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը։
Տեղում պարզվել է, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 հատ կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։