Հազարավոր մարդիկ նոյեմբերի 28-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում դուրս են եկել փողոց՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ երկրի Անկախության օրն անցկացված ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների։ Ցուցարարների մի մասը քարեր, հրավառ նյութեր և Մոլոտովի կոկտեյլներ է նետել ոստիկանների ուղղությամբ, վնասել պետական շենքեր։ Իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել։ Բուժօգնության կարիք է ունեցել 48 մարդ, այդ թվում՝ ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ։
Հիշեցնենք, որ բողոքի շարժումը սկսվել էր ամռանը՝ Ալբանիայի հարավում շքեղ հանգստավայր կառուցելու ծրագրի դեմ։ Նախագիծը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հիմնադրած ներդրումային ընկերության հետ։
Հետագայում բողոքի ցույցերին միացել են ուսանողները՝ դժգոհելով կրթության բարձր վճարներից, կենսապայմաններից և ցածր աշխատավարձերից։ Այժմ ցուցարարների հիմնական պահանջը 2013 թվականից Ալբանիան ղեկավարող Էդի Ռամայի հրաժարականն է։
Հավելենք նաև, որ վարչապետը հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ պնդելով, որ բողոքի ցույցերը հրահրվում են արտերկրից։ Ցուցարարները մտադիր են շարունակել ակցիաները։