00:00:00

«Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է». Էդուարդ Շարմազանով

19:54, 31 օգոստոս 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական եւ ավանդական արժեքային համակարգերից»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։ «Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով»,-նշել է Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։ «Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։ «Այսօր էլ Ռուասատանը կարեւոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում եւ պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է դարերի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։ Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար եւ նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշել է, որ այս տարի արդեն կազմակերպվել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված գիտաժողով, ինչը մեծ արձագանք է ստացել երկու երկրներում։ Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել է, որ այս տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում միջոցառումներ կկազմակերպվեն Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, ռուս-թուրքական պատերազմի հերոս, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի հիշատակին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր