00:00:00

Ձեր անկախ դատական համակարգը թող Շանթին պահի բանտում, իսկ Քոչարյանին թողնի ազատության մեջ. Շահեն Հարությունյան

18:39, 31 օգոստոս 2018

Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը. թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետի խոսնակ Արման Եղոյանի հայտարարությանը, թե Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ստորեւ ներկայացնում ենք Շահեն Հարությունյանի գրառումն ամբողջությամբ. «Ի պատասխան վարչապետի խոսնակի ամբոխավար պատասխանին՝ կապված իմ հայտարարությունների հետ: Սկզբից նշեմ, որ ինքս հայտարարել եմ, որ՝ 1. Ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վարչապետ ընտրվելուց մեկ շաբաթ անց: 2. Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ: 3. Շանթ Հարությունյանին առաջարկվել է ստորագրել եւ փոխել կալանքի կրման՝ պատժի կրման ձեւը: Ըստ էության, վարչապետի խոսնակն այս իրողություններն այնպես է ներկայացրել՝ իբրեւ թե դրանց մասին ես չեմ բարձրաձայնել եւ դրանք եղել են Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնած քայլերը, որից հրաժարվել է Շանթ Հարությունյանը եւ մենք կեղծելով իրողությունը՝ փորձում ենք վատաբանել Նիկոլ Փաշինյանին: Օգտվելով ժողովրդի անտեղյակությունից, այնպես են ներկայացնում իրենց առաջարկը, իբրեւ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանին ազատաություն է շնորհել: Պարզաբանեմ. Շանթ Հարությունյանին Վարդաշեն ՔԿՀ պետը առաջարկել է դուրս գալ բաց ռեժիմ, որի հնարավորությունը Շանթ Հարությունյանն ունեցել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նույնպես: Բաց ռեժիմ հասկացողությունը իրենից ենթադրում է, որ կալանավորը յուրաքանչյուր աշխատանքային օր, առավոտյան 8-ին դուրս գա բանտից եւ երեկոյան 8-ին վերադառնա բանտ եւ մնա հատուկ կալանավորների պահման վայրում, իսկ շաբաթ, կիրակի օրերին ընդհանրապես մնա բանտում: Բաց ռեժիմը համարվում է կալանքի տեսակ: Բաց ռեժիմ դուրս գալը չի նշանակում ազատվել պատժից: Դա նշանակում է պարզապես մեղմացնել պատիժի կրման ձեւը: Եվ եթե նշված ժամից, կալանավորը ուշանա, իր վրա դա կնշվի որպես իրավախախտում եւ կրկին կալանավորին կտեղափոխեն փակ ռեժիմ: Սա է ամբողջ իրողությունը, թե ինչ են առաջարկել Շանթ Հարությունյանին: Այստեղ հարցը բարոյականության եւ տրամաբանության մեջ է: Առհասարակ յուրաքանչյուր ադեկվատ եւ բարոյական հասարակություններում՝ հեղափոխությունից հետո, քաղբանտարկյալներին չեն ներում, չեն մեղմացնում պատիժի կրման ձեւը: Քաղբանտարկյալներին արդարացնում են եւ ազատ արձակում: Եվ ոչ միայն քաղբանտարկյալներին արդարացնում են, այլ նաեւ համաներում են իրականացնում բոլոր կալանավորների նկատմամբ՝ որպես սիրո եւ համերաշխության դրսեւորում: Նիկոլ Փաշինյանի առաջարկած պատժի կրման փոփոխությունն առաջարկել է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այսինքն թե՛ Սերժ Սարգսյանի եւ թե՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները նույն վերաբերմունքն ունեն Շանթ Հարությունյանի հարցում: Սկզբունքայնությունը, արժանապատվությունը, բարոյականությունը դրանք լոկ խոսքեր չե՛ն: Դրանք արժեքեր են, որոնք դրսեւորվում են մարդկանց ապրելաձեւի շնորհիվ: Շանթ Հարությունյանը չի պատրաստվոմ ներման դիմում գրել կամ մեղմացնել իր պատիժի կրման ձեւը միայն նրա համար, որ դուրս է եկել Հայաստանը քանդող եւ ժողովրդին կեղեքող ռեժիմի դեմ: Շանթ Հարությունյանը չպիտի ներման միջոցով ազատ արձակվի, միայն նրա համար որ հայհոյել է տասնամյակներ շարունակ ժողովրդին հայհոյողներին: Շանթ Հարությունյանը սկիզբ է դրել ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ մեր երկրում: Անադեկվատ մոտեցում Շանթի հարցով: Չեմ հասկանում ինչպես կարելի է պատժի մեղմացումը ներկայացնել՝ որպես ազատություն: Սա անհասկանալի է... Հ.Գ. Իսկ երբ ինձ անթիվ-անհամար մեղադրանքներն են հնչում՝ թե որտեղ էի ես Սերժի իշխանության օրոք եւ ինչի չէի պայքարում, ասեմ. ես ոստիկանություններում եւ դատարաններում էի, հիվանդանոցներում եւ հրապարակներում էի: Քնում էի փողոցում, զարթնում ազատ, անկախ Հայաստանի համար պայքարի մոլուցքով: Իսկ դուք որտե՞ղ էիք... Հ.Գ.2 Ձեր անկախ դատական համակարգը թո՛ղ Շանթ Հարությունյանին պահի բանտում եւ զրկի իր քաղաքական գործունեությունից, իսկ Ռոբերտ Քոչարյանին թողնի ազատության մեջ եւ տա՛ հնարավորություն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սա է Ձեր դատական համակարգի իրական դեմքը, որին չի ցանկանում խառնվել Ձեր սիրելի վարչապետը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր