ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ արտահերթ նիստի սկզբում անդրադարձավ իր քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Նա հայտարարեց, որ հարուցված քրեական գործը, ակնհայտ է, որ առնչվում է իրեն՝ որպես ԱԺ պատգամավոր: Ըստ Ֆարմանյանի՝ փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ շինծու մեղադրանք է առաջադրվել իր քրոջը: Նա նշեց, որ առաջիկայում կանդրադառնա այս հարցին, նշեց, որ ՀՀ-ում գրված ու չգրված օրենքներից, մարդկային պատշաճությունից այն կողմ գործողություն է սա:
Ֆարմանյանին արձագանքեց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշելով, որ Հայաստանում քրեական գործ որևէ մեկի դեմ չի հարուցվում, հարուցվում են ըստ փաստերի, ոչ թե ըստ որևէ մեկի նախասիրության: Սիմոնյանը խորհուրդ տվեց սա ընդունել ի գիտություն այսօր եւ միշտ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։