00:00:00

Հակահեղափոխության դիմադրության ուրվագծերը

21:04, 19 օգոստոս 2018

Հեղափոխության հաղթանակը անցել է մի քանի կարևոր փուլ, որոնց արդյունքում իշխող վերնախավը բաժանվել է մի քանի խմբերի և սկսվել է նոր էլիտայի ձևավորման գործընթաց, որն ուղեկցվում է հասարակության վերաշերտավորման գործընթացով: Այստեղ փորձենք ներկայացնել, թե կվազիէլիտայի ձևափոխման, նոր էլիտայի ձևավորման և հասարակության վերաշերտավորման ինչ գործընթացների սկիզբ է դրել հեղափոխությունը՝ անդրադառնալով նաև ռիսկերին և ցանկալի քայլերին: Հեղափոխության աննախադեպ հաջողությունը այնքան մեծ էր, որ սկզբում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը հասավ մինչև 97 տոկոս: Սա նշանակում է, որ նախկին իշխանությունները մնացին բացառապես իրենց վերնախավով՝ զրկված իրենց շատ թե քիչ սատարող սոցիալական հենքից, որի աջակցությունը կարող էին ակնկալել: Համատարած դժգոհությունը և մարդկանց ներքին զայրույթը հաղթահարեց և երկրորդական դարձրեց անձնական շահը և կապվածությունը իշխանության հետ նույնիսկ այն շերտերի մոտ, որոնք սնվում էին կերակրատաշտակից: Առկա վերնախավը բաժանվեց երկու խմբի՝ կորիզ և աջակցող ուժեր: Աջակցող ուժերը՝ պետական ապարատի աշխատողների և հովանավորչությամբ աշխատող բիզնես սեկտորի աշխատողների վերևի շերտերը, ՏԻՄ-երի ղեկավարները և շաղկապված «բիզնես և ոչ բիզնես օգտատերերը» , որոնք կազմում են հասարակության շատ քիչ տոկոսը, շարունակեց մնալ իշխանությունների հետ: Սկզբնական շրջանում իշխանության ծառայող կամ նրանցից սնվող այս խմբերում կար պասիվություն հեղափոխությանը դիմադրելու: Սա պայմանավորված էր երկու գործոնով: Առաջինը՝ չկար հստակ պայքարելու դիրքորոշում: Երկրորդ՝ նրանք չէին տեսնում իրենց կազմակերպող և հակահարվածի ընդունակ ուժային կենտրոն, որի շուրջ կարելի էր համախմբվել: Պայքարելու դիրքրորշման բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ նրանք ակնկալում էին, որ դեռ իրենք կարող են շարունակել մնալ իրենց դիրքերում, չկորցնել իրենց ունեցածը, նույնիսկ որոշ մասի մոտ՝ աջակցել հեղափոխությանը կամ, որ հեղափոխությունը իրենց չի հասնի և որ պայքարն իրենց դեմ չէ: Ավելին՝ շատերը հույսեր կապեցին, որ կարող են ավելի լավ դիրքերով վերադասավորվել նոր իշխանություններում: Սակայն գործընթացները գնալով ցույց տվեցին, որ նրանք տեղ չունեն նոր ձևավորվող համակարգում՝ համենայնդեպս այդպես էր հայտարարվում Փաշինյանի ելույթներում: Տեսնելով, որ այս անգամ հեղափոխությունը իրոք հեղափոխություն է, նախկին վերնախավը ընկավ լուրջ վախի մեջ՝ ոչ միայն նոր վերնախավում չհայտնվելու, այլև կորցնելու իր կուտակած ռեսուրսները: Ավելին, Փաշինյանի՝ օգօստոսի 17-ի ելույթը վերջնականապես հոդս ցնդեցրեց ճողոպրելու հույսերը և նույնիսկ ավելացրեց ամեն ինչ կորցնելու վախին՝ պատժվելու վախը: Պատժվելու վախը ստիպեց նախկին իշխանություններին լեղապատառ ներգրավվել երեք հիմնական մեծ խմբի՝ պայքարողներ, հեղափոխության աջակցողներ, հիբրիդ և փախուստ: Պայքարողները: Վախը, ինչպես բոլոր խմբերում, առաջացնում է համախմբման և միավորման էֆեկտ, որը անմիջապես հետևեց նախկինների մոտ: Մասնավորապես Քոչարյանի շուրջ համախմբման տենդենց է նկատվում ՀՀԿ-ի, Դաշնակցության, ՕԵԿ-ի, նախկին պսևդոընդդիմության ներկայացուցիչների մոտ, որոնք հավանաբար զգում են, որ նոր իշխանության օրոք իրենք այլևս չեն կարող խաղալ  ընդդիմության դերը, կամ ընտրվել իշխանություններում: Սակայն վախը ավելի մեծ համախմբող էֆեկտ ունի նրանց մոտ ովքեր օրենքի առաջ մաքուր չեն և կանխազգում են պատժվելու վտանգ: Այս մտածելակերպը տարածում են հատկապես նրանք, ովքեր արդեն ռեալ խնդիր ունեն՝ դրանով համախմբելով իրենց շուրջ օլիգարխներին և բլոր նրանց, ովքեր օրենքի առաջ խոցելի են: Այսպիսով՝ Քոչարյանի շուրջ համախմբված ՀՀԿ-ն, մյուս կուսակցությունները և օլիգարխիան վախը և դրանից բխող համախմբան ալիքը տարածում են ամբողջ հովանավորյալ բիզնեսի, նախկին խոշոր պաշտոնյաների, ՏԻՄ ղեկավարների և բոլոր նրանց մոտ ովքեր մաքուր չեն և տեսնում են վտանգ, որ իրենց ևս կբացահայտեն թալանի մեջ: Արդյունքում առաջանում է բարձր մոտիվացված, հսկայական ռեսուրսների տիրապետող և ամեն ինչի պատրաստ կվազիէլիտա, որը պետք է փորձի հակադրվել հեղափոխությանը կամ դրա այն տեսլականին, որը ունեն դրա նախաձեռնող և ներկայիս իրականացնողները և ժողովուրդը: Այս կվազիէլիտան տիրապետում է դրամական միջոցներ, ինստիտուցիոնալ կարողություններ՝ պետական և ոչ պետական սեկտորում, պետական համակարգի յուրայնացված բարձրաստիճան և միջին պաշտոնյաների վիթխարի բանակ, ինֆորմացիա, դատական և օրենսդիր իշխանություն, լրատվամիջոցներ, ՏԻՄ ղեկավարություն, փոխկապակցված շահերով ներքին և  արտաքին, տնտեսական և քաղաքական ուժեր: Միակ բանը, որ չի տիրապետում այդ կվազիէլիտան, ժողովուրդն է, սոցիալական հենարան, որ կաջակցի իրեն: Կվազիէլիտայի գերխնդիրն է չպատժվել, հնարավորինս քիչ կորուստներ տալ և նույնիսկ պահպանել իշխանությունը: Այդ նպատակով այն կարող է որդեգրել հետևյալ ստրատեգիաները՝ ստանալ ժողովրդի աջակցությունը, տիրանալ իշխանությանը առանց ժողովրդի աջակցության, իրենց տրանսֆորմացիան նոր իշխանություններում: Ժողովրդի աջակցությունը: Սա ստանալու համար կվազիէլիտային նպատակահարմար է ուժեղացնել և շարունակել պատժվելու վախի ազդեցության միջոցով օրինախախտների կոնսոլիդացիան ողջ երկրում, բոլոր մակարդակներում և ոլորտներում՝ «մեզնից պրծնեն, քեզ են հասնելու» լոզունգի տակ: Այդ նպատակով կառավարման մարմինների, ՏԻՄ-երի և մասնավոր ղեկավարների յուրայնացումից հետ, նրանց միջոցով ընթանում է ավելի լայն շերտերի յուրայնացում և համերկրային կենտրոնացված պայքարի՝ հրապարակից դեպի լոկալ միջավայրեր տեղափոխելու գործընթաց: Պայքարը տեղափոխվում է մարդկանց բնակավայր, գյուղ, թաղ, աշխատավայր, սոցիալական միջավայր, որտեղ պայքարող ժողովուրդը ենթադրաբար չի համարձակվի բացեիբաց դեմ դուրս գալ և պայքարել իր ղեկավարի, գյուղապետի, թաղապետի, հարուստ ազգականի կամ կվազիէլիտայի այլ ագենտի հետ: Առավել ևս չի պահանջի նրանց պատժել կամ գողոնը բռնագանձել: Արդյունքում սոցիալական սեգմենտացիան կրում է էական փոփոխություններ՝ նվազեցնելով եթե ոչ իրական համախոհների քանակը, ապա գոնե կոնկրետ գործողություններով աջակցելու պատրաստակամ շերտերի ծավալը: Տրանսֆորմացիան: Պայքարի լոկալացման գործընթացը առկա է նաև տրանսֆորմացիայի ստրատեգիայի ժամանակ: Տրանսֆորմացիան վերաբերում է հին կվազիէլիտայի ներթափանցմանը նոր ձևավորվող էլիտա: Այն տեղի է ունենում երկու հիմնական եղանակով՝ աջակցություն, ներկայացուցիչի առաջխաղացում: Աջակցության ժամանակ նոր ձևավորվող քաղաքական ուժերին աջակցություն է ցուցաբերվում ներկայանալով համախոհ, որի նպատակն է վստահություն և պարտավորվածություն ձևավորել: Սրա հիմնական իրականացնողները բիզնեսմեններ են, որոնց կապերը նախկինների հետ հայտնի չեն: Ներկայացուցիչների առաջխաղացման ժամանակ աջակցություն է ցուցաբերվում, հիմնականում գաղտնի, իրենց կողմից առաջ քաշված մարդկանց գործունեությանը, որոնք ներկայանում են որպես հեղափոխական: Բոլոր դեպքերում նպատակն է շանսեր ունենալ հետագայում ներառվել նոր էլիտայում, խուսափել կամ մեղմել պոտենցիալ պատիժը՝ իշխանություններին յուրային ներկայանալու միջոցով: Տրանսֆորմացիայի ժամանակ առկա են երկու հիմնական վտանգավոր երևույթներ: Առաջինը, երբ ենթադրենք հին թալանչի գյուղապետը ամեն կերպ խոչընդոտում է իրական հեղափոխական մարդկանց առաջխաղացումը նոր էլիտայով, լավ իմանալով, որ նրանք իրեն լավ են ճանաչում և թույլ չեն տա անպատիժ մնալ կամ իրական մրցակից տեսնելով նրանց մեջ: Այդ նպատակով նա իր մարդկանց է մտցնում հեղափոխության շարքեր և աջակցում նրանց ազդեցության մեծացմանը, որոնք և սկսում են ազդել մյուս մարդկանց հեղինակության վրա: Այս գործընթացում աղավաղվում են մարդկանց իրական ով լինելը, պիտակավորում նրանց և թացը չորին խառնում, որպեսզի վարկաբեկեն և չթողնեն իրական էլիտայի ձևավորում, որը կարող է իրական պայքար մղել իրենց դեմ: Երկրորդ բացասական երևույթը, երբ հեղափոխության ուժ են մտցնում նախկինում իրենց համակարգի մարդկանց, որոնք ակնհայտ հիասթափեցնող ազդեցություն ունեն ժողովրդի վրա: Մարդիկ տեսնելով, օրինակ, որ ՀՀԿ-ի օգնությամբ հարստացած կամ կարիերայի թռիչք ապրած մարդիկ են ներկայանում հեղափոխության անունից, կատարյալ հիասթափություն են ապրում: Պատահական չէ, որ հասարակության մեծամասանությունը գերադասում է գնալ միտինգի ինքնուրույն, քան մտնելով որևէ  խմբի մեջ: Հեղափոխության հեղինակությունը կենտրոնացած է Նիկոլի մեջ: Մնացած մարդիկ, որ խոսում են հեղափոխության անունից լոկալ միջավայրերում հաճախ ունեն բացասական էֆեկտ: Այս պատճառով, շատ կարևոր է, որ հեղափոխության լիդերները լինեն մի կողմից կրթված, խելացի, սակայն մյուս կողմից լինեն  մարդասեր, շփվեն ժողովրդի հետ և լավ իմանան նրանց ապրելակերպը և հոգսերը: Ելնելով վերոնշյալ տենդենցներից,  անհրաժեշտ է գործընթացի ցանկալի ընթացք ապահովող միջոցներ ձեռնարկել: Առաջին՝ պետք է ժողովրդին պատրաստել, որպեսզի լավ իմանան իրենց անելիքները պայքարի լոկալացման ժամանակ՝ իրենց աշխատավայրում, բնակավայրում և սոցիալական միջավայրում: Երկրորդ՝ որ շերտերին կամ կատեգորիներին և որքանով է վերաբերվելու թալանված գումարների վերադարձի և պատժվելու գործընթացները և որքանով է պետք դրանք շեշտադրել կվազիէլիտայի շուրջ ոչ ցանկալի կոնսոլիդացիոն պրոցեսներ չգրգռելու համար և պայքարի լոկալացման գործընթացում հեղափոխության շահեկան դիրքեր ապահովելու համար: Երրորդ՝ ինչ եղանակով է նպատակահարմար իրականացնել թալանված միջոցների վերադարձը, որպեսզի առավել մեծ արդյունք և քիչ հակադրություն առաջացնի: Մասիս Պողոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր