00:00:00

Մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման գործընթացում նախ պետք է ձևավորել «կանաչ մտածելակերպ». նախարարություն

10:36, 14 օգոստոս 2018

Հուլիսի 10-ին բնապահպանության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում աստիճանաբար կնվազի, այնուհետև կարգելվի մեկ անգամյա օգտագործման պլաստիկի գործածությունը՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով։ ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման ռազմավարությունը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլում համայնքի բնակչության մոտ նախատեսվում է ձևավորել «կանաչ մտածելակերպ» և գնահատել վարքագծի փոփոխությունը։ Արդյունավետության հիման վրա էլ գործընթացը կներառի մեկ մարզ և հետագայում կամփոփվի ամբողջ Հանրապետության տարածքում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելմամբ։ Ռազմավարության երկրորդ փուլն իր մեջ ներառում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և վերջնական արգելման համապատասխան իրավական ակտերի մշակումը։ Ռազմավարությունն իրականացվելու է պետական մակարդակով, որտեղ պետք է ցուցաբերվի համապարփակ մոտեցում, շարունակական աշխատանքներ և բանակցություններ մասնավոր և հանրային հատվածների հետ՝ առաջարկելով պլաստիկի համար այլընտրանք և մշակելով համապատասխան քաղաքականություն՝ ֆինանսական և տնտեսական իրագործելիությունը և կայունությունն ապահովելու համար։ Ռազմավարության երկրորդ փուլն ավելի հեռանկարային է և ընդգրկուն։ Ծրագրի շրջանակներում բնապահպանության նախարարությունը Թալինի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել է առաջին հանրային լսումները, որոնց ներկա էին Թալին համայքի ավագանու անդամները, քաղաքացիները, ուսուցիչները, քաղաքապետարանի աշխատակիցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները և այլն։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը` ով ներկայացրել է «Թալինի կանաչ քաղաքականության» ձևավորման ծրագրերը: «Թալինն ունի բոլոր նախադրյալները կանաչ քաղաք դառնալու, միաժամանակ լուծելով իր համայնքում առկա սոցիալական խնդիրները» -նշել է նախարարի առաջին տեղակալը։ Ուրախալի էր տեսնել Թալինի բնակչության ոգևորվածությունը և քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը այս կարևոր գործընթացն իրականացնելու հարցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվելիք բնապահպանական ծրագրերը՝ առաջարկելով բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներին։ «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Թուխիկյանը ներկայացրել է երկտեղ աղբարկղերի տեղադրման, պլաստիկ շշերի վերամշակման, ինչպես նաև Թալինի աղբավայրի ցանկապատման, վերանորոգման աշխատանքների փուլերը։ Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանով ամփոփվել է հանդիպումը՝ առաջիկայում գործնական քննարկման պայմանավորվածությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր