00:00:00

Սարդարապատ համայնքում ոգեկոչել են հակառակորդի գնդակից զոհված զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակը

01:16, 01 օգոստոս 2018

Սարդարապատ համայնքում կայացել է  հակառակորդի արձակած գնդակից զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի մահվան տարելիցին նվիրված միջոցառում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հաղորդագրության մեջ նշված է. «2014 թվականի այս օրը հակառակորդը հարձակում է գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու արձակած գնդակից հերոսաբար զոհվել է նաև պաշտպանության բանակի զինծառայող Արարատ Խանոյանը: Ծառայության ընթացքում դրսևորած կարգապահության և օրինակելի վարքի համար նա բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից. Արարատ Խանոյանը եղել է վաշտի ավագ սերժանտ, հետախուզական ջոկի հրամանատար, իսկ հետմահու ստացել է նաև լեյտենանտի կոչում: Հերոս հայորդու մահվան տարելիցի առթիվ այսօր Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել համայնքի կենտրոնում` նրա հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Հիշատակի միջոցառմանը Արարատ Խանոյանի ընտանիքի անդամների, հարազատների, մեծաթիվ հյուրերի և սարդարապատցիների հետ ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա ծաղիկներ է դրել հերոս սարդարապատցու հիշատակը հավերժացնող հուշարձանին, գլուխ խոնարհել նրա հիշատակի առջև: Իր վշտակցությունը հայտնելով Խանոյանների ընտանիքին` մարզպետ Գագիկ Միրիջանյանն անգնահատելի է համարել Արարատի և իր զինակից ընկերների սխրանքը. «Ձեր տղան և իր ընկերներն իրենց կյանքով մեզ կյանք են պարգևել, և մենք` բոլորս միասին, մեր ամենօրյա աշխատանքով պետք է արժանին մատուցենք նրանց հիշատակին»: Մարզպետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև Արարատի ծլողներին` նման զավակ լույս աշխարհ բերելու և հերոսի ոգով դաստիարակելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր