00:00:00

Իտալիայի Հանրապետության նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

00:35, 01 օգոստոս 2018

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ-իտալական ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ այսօր այդ բարեկամական կապերն առավել զարգանում և ամրապնդվում են երկու երկրների նախագահների սերտ գործակցության արդյունքում: Եղբայրական հարաբերությունների խորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների դերակատարությունը և շարունակվող ջերմ փոխհարաբերությունները: Նորին Սրբությունը անդրադարձավ նաև պատմության ընթացքում Իտալիայում ձևավորված հայ համայնքի կարևոր առաքելությանը փոխճանաչողության և հայ-իտալական բարեկամության զորացման գործում` ուրախությամբ ընդգծելով, որ այսօր ևս հայ համայնքն իր ակտիվ կյանքով շարունակում է երկու երկրների միջև կամուրջ հանդիսանալ: Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Իտալիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, նաև իր գնահատանքն արտահայտեց Իտալիայի նախագահին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկրի իշխանությունների դրսևորած հստակ կեցվածքի առնչությամբ: Իր խոսքում Իտալիայի նախագահը նշեց, որ իր այցը Հայաստան խորհրդանշում է հայ-իտալական բարեկամությունը` անցյալ, ներկա և ապագա` հաստատելով, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր կապերը շատ ջերմ են: Անդրադառնալով երկօրյա այցի արդյունքներին` պրն. Սերջիո Մատարելլան հաստատեց, որ ունեցած հանդիպումները փաստեցին հայ-իտալական բարեկամության բարձր մակարդակը` տեղեկացնելով, որ ծրագրվում է հարաբերությունների ընդլայնում բոլոր ոլորտներում: Խոսելով աշխարհում հակամարտությունների և մասնավորապես Միջին Արևելքում տեղ գտած զարգացումների մասին` պրն. Սերջիո Մատարելլան կարևորեց կրոնների միջև հարաբերությունները իբրև աշխարհում խաղաղության հաստատման կարևոր գործոն: Միջկրոնական երկխոսության սկզբնավորման գործում նաև կարևորվեց Եկեղեցիների առաքելությունը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը շեշտեց, որ աշխարհը հավատքի մեծ կարիք ունի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով կրոնական անհանդուրժողականության երևույթին, նշեց, որ այսօր` 21-րդ դարում, ցավոք, այն շարունակում է իր դրսևորումներն ունենալ, խաթարել մարդկության ներդաշնակ համակեցությունը, խլել նաև մարդկային կյանքեր և ոչնչացնել մշակույթներ: Հայոց Հայրապետը հաստատեց, որ պետությունների ղեկավարների և տարբեր կրոնների առաջնորդների համատեղ ջանքերով է միայն հնարավոր հաղթահարել այդ երևույթները և խաղաղ ու բարօր աշխարհ կերտել: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց Իտալիայի նախագահին` հայցելով Աստծո Ամենախնամ Աջի պահպանությունն ու օրհնությունը Իտալիայի բարեպաշտ ժողովրդին: Հանդիպման ավարտին Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն, ծանոթացավ թանգարանում ցուցադրվող ազգային-հոգևոր արժեքներին և Հայոց Եկեղեցու տարբեր սրբություններին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր