00:00:00

Էդուարդ Բաբայանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը (տեսանյութ)

23:04, 24 հուլիս 2018

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի  խափանման միջոց կալանքը փոխելու փաստաբանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ երեկ կայացած դատական նիստի ընթացքում ենթադրյալ տուժողը դատարանում ցուցմունք էր տվել, հայտնելով, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Էդուարդ Բաբայանը իրեն չեն հարվածել։ Իսկ Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ ներկայացրել էր սկանդալային մանրամասներ։ Սակայն այս ամենը Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի չառավ։ «Մենք որոշումը կստանանք եւ կտեսնենք, թե ինչ մտքեր է շարադրել դատարանը եւ ինչի համար է եկել հետեւյալ եզրահանգման»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Նա նշեց, թե տեղի ունեցածը իրեն հայտնի ֆիլմից դրվագ է հիշեցնում։ «Նշանավոր ֆիլմն է ինձ հիշեցնում՝ 01-99, որ տուժողին համոզում են, թե մեքենայի տակ է ընկել»,- ասաց նա։ Փաստաբանը հայտնեց, որ մինչ այս պահը Էդուարդ Բաբայանը հարցաքննված չէ, եւ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ «Ինքս մի քանի անգամ մյուս փաստաբանի հետ միջնորդություն ենք ներկայացրել ՀՔԾ, խնդրելով, որպեսզի հարցաքննեն, բայց որեւէ գործողություն չի կատարվել»,- նշեց փաստաբանը, հավելելով, որ տուժողը եւս պնդել է, որ իրեն չեն ծեծել։ Արմեն Մելքոնյանը նաեւ ասաց, որ որոշումը ստանալուց  հետո այն բողոքարկելու են նաեւ Վճռաբեկ դատարանում։ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ, ով իր գործընկերների՝ Իվետա Տոնոյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Արթուր Մանուկյանի հետ դատարանի դիմաց էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ էության կատարվում է քաղաքական հետապնդում։ «Փաստերը  բոլորին ակնհայտ է։ Ըստ մեր ունեցած փաստերի տուժողը, որպես այդպիսին հայտարարում է, որ նման բան չի եղել, ասում է, որ իր առաջին ցուցմուքը եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ,  եւ եթե այս պայմաններում, երբ որ բողոքող կողմ չկա, շարունակել այսպիսի արդարադատություն իրականացրել կարծում եմ նոնսենս է»,- ասաց պատգամավորը, հավելելով , որ ակնհայտ է, որ արդարադատությունը չի աշխատում օրենքի շրջանակներում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=1HmeffNbGSc&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր