00:00:00

Հայտնի են «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

14:32, 15 հուլիս 2018 Շոուբիզնես

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրների անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը: Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին: «Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար Լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը: Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը: Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով: Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը: Արծաթե ծիրանը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին: Ոսկե ծիրան պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին: Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին: Ոսկե ծիրանի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը: «Տխրում եմ, որ փառատոնն ավարտվում է: Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին` Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին փառատոնի կայացման գործում մեծ ավանդի համար: Հոբելյանական փառատոնին ներկա են կինեմատոգրաֆիստներ, որոնք մրցանակներ են ստացել հեղինակավոր կինոփառատոներում»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Փարաջանովյան թալերներ հանձնեց հանրաճանաչ ռեժիսորներ  Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին: Վերջինս ասաց, որ իր համար այդ մրցանակը հատկապես նշանակալի է, քանի որ կրում է Սերգեյ Փարաջանովի անունը: «14-15 տարեկանում էի դիտում նրա ֆիլմերը և չէի ընկալում դրանք, քանի որ Փարաջանովի արվեստը բարդ է: Սակայն շատ եմ սիրում նրա գործերը»,-խոստովանեց ռեժիսորը և շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին` շեշտելով, որ հրաշալի ժամանակ է անցկացրել այս ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր