Իր իրավունքների պաշտպանության նպատակով 2018 թ.-ի հունիսի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել նախկին պայմանագրային զինծառայող Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում իր ծառայության ընթացքում և դրանից հետո առնչվել է մի շարք խնդիրների։ 2003-2005 թթ. նա անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն Կապանի զորամասում։ 2008 թ.-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2014 թ.-ին ծառայել է որպես սերժանտական ուսուցման ջոկի հրամանատար։
Սերժանտական դպրոցի փակվելուց հետո իր դիմումի համաձայն՝ ընտանեկան դրությունից ելնելով (անչափահաս երեխաներ, վատառողջ ծնողներ), տեղափոխվել է նույն զորամասի մեկ այլ տեղակայում` նշանակվելով որպես դիզվառելիքի սպասարկման բաժնի աշխատակից՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստապետ։ 2015 թվականի սեպտեմբերին աշխատանքային պարտավորությունների հանձնման-ընդունման ընթացքում բացահայտել է 718 կգ (ավելի քան 1000 լ) բենզինի պակասորդ։
Զորամասի վարորդներն իրենց հերթին պակասող բենզինի ծավալը կոծկելու նպատակով ավտոմեքենաների վարման կիլոմետրերի չափը հատուկ փաստաթղթերում արձանագրելիս նշել են իրականությանը չհամապատասխանող՝ ավելի մեծ թվեր, ինչի արդյունքում հավասարակշռվել է պակասող բենզինի քանակը։ Իսկ թե ինչ ծավալի բենզինի չարաշահում է կոծկվել դրա արդյունքում, Մարգարյանին ճշգրիտ հայտնի չէ։ 2 ամիս անց՝ 2016 թ. փետրվարին, Մարգարյանի խնդրանքով իրականացվել է «P 50 N 8» տարայի տարողունակության ճշգրտության հանձնաժողովային ստուգում: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից կազմված չափման աղյուսակը չի համապատասխանում տարայի փաստացի տարողությանը։ Հաստատվել է, որ խնդիրը, իբր, ոչ թե ստացված բենզինի քանակն է, այլ զորամասում առկա բենզինի տարաների ոչ ճշգրիտ գնահատված ծավալները։ 2016 թ. հունիսին Արմեն Մարգարյանը, չունենալով զորամասի համար վառելիքի ստացման փորձ, խնդրել է զորամասի հրամանատարին բենզին ստանալիս սպայակազմից իր հետ կցել սպաների։ Նրա հետ կցվել են զորամասի թիկունքի պետը, իրային ծառայության պետը, դիզելային վառելիքային նյութերի ծառայության պետը, ինչպես նաև մեկ հոգի Ներքին անվտանգության ծառայությունից (Օтдел собственной безопасности)։ Երևանում տեղեկայված «Ֆլեշ» ՍՊԸ-ից 7 բենզատարայով Արտաշատ է տեղափոխվել 102000 լ բենզին՝ ըստ փաստաթղթերի։ Բենզինը ստանալու ամբողջ գործընթացում, ինչպես նաեւ հետագա պակասորդի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը արձանագրվել է այդ հանձնաժողովի կողմից: