13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։ Վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 14-րդ դարի վերջերից մինչև 1815 թվականը վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ 18-րդ դարի սկզբին հանդիսացել է Արցախի ազատագրական շարժման կենտրոն։ Վանքի պատերին կա շուրջ 200 հայերեն արձանագրություն։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Գանձասարի վանքն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Գանձասարի հայկական վանական համալիրը համարվել «աղվանական եկեղեցական ճարտարապետության մարգարիտ», երբ 13-րդ դարում Արցախում և, ընդհանրապես, տարածաշրջանում աղվանական բնակչություն գոյություն չուներ, հայտնում են Գեղարդ հիմնադրամից: