Նախագահ Դոնալդ Թրամփն իր անձնական բջջային հեռախոսահամարը բաժանել է օտարերկրյա ղեկավարներին եւ բանակցություններ է վարում նրանց հետ՝ շրջանցելով հաղորդակցման պաշտոնական ուղիները, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին եւ Սպիտակ տան աղբյուրներին:
Կանոնների համաձայն, օտարերկրացի առաջնորդների հետ ԱՄՆ նախագահի զանգերը սովորաբար նախապես են ծրագրվում, մշակվում է դրանց սցենարը, խորհրդակցություններ են անցկացվում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Զրույցը, ի վերջո, վերծանվում է, իսկ հետո դրա մասին հրապարակային հայտարարություն է տարածվում:
Թրամփը, հրատարակության տվյալներով, կարող է շրջանցել այդ կանոնները եւ խոսակցությունը անմիջականորեն անցկացնել: Ընդ որում մամուլի եւ վերլուծության համար զրույցի մասին հաշվետվությունը անհրաժեշտ է լինում գրել նախագահի հիշածով:
Օրինակ, ապրիլին, Սպիտակ տան աշխատակիցները ապշել էին, երբ իմացել էին, որ Թրամփը խոսել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, երբ կանադացի պաշտոնյաները զրույցի մասին հաղորդագրություն էին տարածել:
Այս միջադեպից հետո պաշտոնյաները սկսեցին պնդել, որ Թրամփը հետեւի դաշնային օրենքին եւ օտարերկրացի առաջնորդների հետ հեռախոսազրույցն անցկացնի հատուկ սենյակում եւ ձայնագրվող սարքի օգտագործմամբ: