Ավստրիայի փոխվարչապետ և «Ազատություն» կուսակցության նախագահ Հայնց Քրիստիան Շտրախեն հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Շտրախեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հորդորելով Ավստրիայում ապրող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերին լքել իրենց երկրի սահմանները։
Նա մասնավորապես գրել է. «Ավստրիայում ապրող և Էրդողանին ձայն տված թուրքերին առաջարկում եմ Թուրքիա վերադառնալ»։
Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ գրառումը հավանել է 26 000 մարդ, ևս 6000 հոգի էլ կիսվել դրանով:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Ավստրիայի փոխվարչապետը նախկինում էլ աչքի է ընկել հակաթուրքական հայտարարություններով։
Նշվում է նաև, որ Ավստրիայում Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցած թուրքերի 72.3 տոկոսը քվեարկել է Էրդողանի օգտին։