2018թ.-ի հունիսի 22-ին եւ 23-ին տեղի են ունեցել ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հանձնաժողովի հարցազրույցները՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար:
Ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի մի խումբ դիմորդներից irakanum.am-ը դժգոհություններ է ստացել առ այն, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ թերություններ եւ խախտումներ:
Դիմորդների պնդմամբ՝ գիտությամբ զբաղվող անձի մոտիվացիան հնարավոր չէ գնահատել միայն հարցազրույցի միջոցով` այն էլ այդքան կարճատեւ ժամկետում:
Նշվում է, որ հանձնաժողովի աշխատանքը լի է սուբյեկտիվությամբ, քանի որ հանձնաժողովը չի ունեցել հստակ չափորոշիչներ, որոնցով կարող էր գնահատել մոտիվացիան և վերլուծական կարողութունները, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դիմորդները գնահատվել են կամայական սկզբունքով:
Դժգոհություն հայտնած երիտասարդները պնդում են, որ հանձնաժողովին օժանդակող խմբում ներգրավված են եղել փոխկապակցված անձինք, որոնք ևս մասնակցել են մրցույթին և ստացել դրական եզրակացություն:
«Փաստաթղթերի ներկայացման ժամկետը եղել է շատ կարճ, քանի որ կառավարության որոշումը եղել է հունիսի 1-ին, իսկ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 8-ը: Բացի այդ, եղել են ուսանողներ, որոնք ունեցել են գիտական հոդվածներ, սակայն սեղմ ժամկետում չեն կարողացել հասցնել տպագրել դրանք ԲՈՀ-ի հաստատված ցանկում»:
«Ուզում ենք փաստել, որ չեն ընդունվել նաեւ այն հոդվածները, որոնք տպագրվել են արտասահմանյան ամսագրերում, քանի որ ներառված չեն եղել ԲՈՀ-ի ցուցակներում: Հանձնաժողովը չի գնահատել մասնակցի կողմից գիտական աշխատանք կատարելու ունակությունները և չի խորացել հարցի բուն էության մեջ`անտեսելով գիտական աշխատանք կատարած երիտասարդներին»,-հայտնել են դիմորդները:
Նշվում է, որ ԿԳ նախարարությունը՝ խախտելով կառավարության 451-Ն որոշման պահանջը, այն է՝ ներկայացնել դիմումները և կից փաստաթղթերը մինչև հաստատված վերջնաժամկետը՝ հունիսի 8-ը, որոշ դիմորդներից ընդունել է կից փաստաթղթեր հանդիսացող տեղեկանքներ, հոդվածներ առանց ժամկետի սահմանափակման:
Ըստ բողոքող երիտասարդների՝ պետք է հաշվի առնվեր նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության մրցույթների արդյունքները՝ ինչը անտեսվել է հանձնաժողովի կողմից: Բանն այն է, որ հարցազրույցները անցկացվել են հունիսի 22-ին և 23-ին, իսկ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի քննությունները և ամենակարևորը՝ արդյունքները, հայտնի են դարձել հունիսի 27-ից հետո, իսկ որոշ ուսումնական հաստատություններում քննությունները դեռևս չեն անցկացվել:
Մրցույթին դիմած, մասնակցած, բայց չանցած երիտասարդներին մեծ մասամբ չի բավականացրել 0.75-3 բալ:
ՀՀ ԿԳՆ մրցույթի աղաղակող թերություններից դժգոհող քաղաքացիները դիմում-նամակ են հասցեագրել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով իրենց հարցին հրատապ լուծում տալ, քանի որ հանձնաժողովի անդամների կողմից ակնհայտորեն կանխակալ եւ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորվել իրենց նկատմամբ: