00:00:00

Կաշառքի գործով կալանավորը հացադուլը շարունակում է

20:59, 05 մարտ 2018

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց գործով անցնող Արկադի Պապյանը դեռ շարունակում է հացադուլը: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: ՔԿՎ-ից նաև տեղեկացանք, որ կալանավորը գտնվում է բժիշկների հսկողություն ներքո, իսկ առողջական վիճակը բավարար է գնահատվում: Պապյանը հացադուլի մեջ է փետրվարի 8-ից: Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներով գործի նախաքննությունն ավարտվել է: Ավելի վաղ ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել տեղեկացնելով, որ իրականացված քննչական և այլ դատավարական բազմաթիվ գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների և նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու և այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ.Մկրտչյանը սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին և կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջև գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր