00:00:00

ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է»

14:33, 23 օգոստոս 2026 Քաղաքականություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի 36-ամյակի առթիվ․

 
 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 
 

1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում, Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։

Հակառակ քաղաքական տարաձայնություններին, Անկախության հռչակագիրը ընդունվեց համախոհությամբ, խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերի ներգրավմամբ։

Այն ամրագրեց Հայոց անկախ պետականությունը վերականգնելու քաղաքական, պատմական, իրավական, տնտեսական և մշակութային հիմնասյուները։

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական հանրաքվեով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Հռչակագիրը դարձավ մեր պետականության օրենսդրության հիմքը և իբրև ապագա Մայր օրենքի նախահիմք, արժանի տեղը գտավ ՀՀ Սահմանադրության նախաբանում՝ որպես նորանկախ պետության արժեքային առանցքը, որ ենթակա չէ փոփոխման:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։

Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը։

Պաշտպանելով Անկախության հռչակագիրը, տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Հայոց պետականությանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր