Շաբաթ երեկոյան Բրյուսելի Սեն-Ժիլ համայնքում կրակոցների հետևանքով մի տղամարդ է վիրավորվել։ Համայնքի քաղաքապետ Ժան Սպինետը տեղեկացրել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Belga News-ը։
Դեպքի վայր ժամանած քաղաքապետը ենթադրել է, որ կրակոցները կարող էին կապված լինել թմրավաճառների միջև հակամարտության հետ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար։
Դեզ-Դյո-Բան հրապարակի շրջանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հայտնի է որպես թմրանյութերի վաճառքի վայր։ Սեն-Ժիլի բնակիչներն ու իշխանությունները բազմիցս բողոքել են թմրավաճառությունից և դրա հետ կապված խնդիրներից։
Կրակոցները տեղի են ունեցել Բրյուսելի մեկ այլ շրջանում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման հաջորդ օրը։ Շաբաթ գիշերը անհայտ անձինք կրակ են բացել Անդերլեխտում գտնվող ոստիկանության բաժանմունքի ուղղությամբ։
Բրյուսելի մայրաքաղաքային շրջանի նախարար-նախագահ Բորիս Դիլիսը հարձակումը անվանել է «նոր նախազգուշացում Բրյուսելի համար»։
«Մենք թույլ չենք տա, որ կազմակերպված հանցավորությունը վերահսկողություն հաստատի մեր քաղաքի նկատմամբ», — հայտարարել է Դիլիսը։
Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի վերջին Բրյուսելում պետք է աշխատանքի անցնի թմրանյութերի դեմ պայքարի հանձնակատարը, որը կմշակի թմրահանցավորությանը հակազդելու համալիր ռազմավարություն։ Բացի այդ, տարածաշրջանի իշխանություններն այս տարի նախատեսում են անվտանգության և կանխարգելման համար 68 մլն եվրո հատկացնել։
Բրյուսելի դատախազ Ժյուլիեն Մուինիլը ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումը անվանել է անընդունելի և հայտարարել, որ թիրախի ընտրությունը վկայում է իշխանությունների աշխատանքը ապակայունացնելու մտադրության մասին։
«Նրանք հաջողության չեն հասնի։ Մենք վճռական ենք և կշարունակենք դատական վարույթներն ու մեր անխոնջ աշխատանքը», — ասել է դատախազը RTBF հեռուստաալիքին։
Մուինիլը նաև հայտարարել է, որ պատվիրված հրաձգությունների զգալի մասը կազմակերպվում է բանտերից։ Ըստ նրա, քրեակատարողական հիմնարկներում դեռևս բավարար չափով պաշտպանված գոտիներ չկան, որոնք կխոչընդոտեն բջջային հեռախոսների օգտագործմանը, ինչի պատճառով հանցագործները կարող են հրահանգներ տալ, մասնավորապես՝ Հարենի բանտից։