00:00:00

«Ծառուկյան»  դաշինքը ընդդիմադիր դաշտից ՀՀԿ-ական դաշտ է տեղափոխվե՞լ

19:28, 05 մարտ 2018

«Մաղթում եմ, որ ՀՀ 4-րդ նախագահը իսկապես դառնա մեր բոլորիս նախագահը` ինչպես ինքն է հայտարարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:Պատգամավորը կարծում է, որ նա ունի բոլոր նախապայմանները և հնարավորությունները` իսկապես դառնալու բոլորիս նախագահը: Բագրատյանը նշեց նաև, որ «Ծառուկյան»  դաշինքը հայտարարել էր, որ պաշտպանում է նախագահի թեկնածությունը. «Այս հնարավորությունը, որ «Ծառուկյան» դաշինքի շնորհիվ ունեցավ նախագահը, այն է, որ ինքը կարող է ավելի ազատ գործել քաղաքական դաշտում: Մենք ավելի մեծ պատասխանատվություն փոխանցեցինք նախագահին` ընդդիմության, իշխանության և ողջ ժողովրդի առջև»: Սերգեյ Բագրատյանի պնդմամբ` ինչքան էլ շատերը ՀՀ նախագահի լիազորությունները համարեն խիստ սահմանափակ, փաստացի  դա այդպես չէ, և ՀՀ նոր նախագահը ունի լիարժեք հնարավորություններ հակակշռելու քաղաքական այն ուժերին, ովքեր առավելության կամ գերակայության ձգտումներ կունենան. «Ես վստահ եմ, որ իր անաչառությամբ նա կարող է խիստ հավասարակշիռ իրավիճակ ապահովել երկրում»: Հարցին, թե ինչու « Ծառուկյան» դաշինքը չեղավ «Ելք»-ի կողքին, որպեսզի նրանք կարողանային առաջադրել նախագահի իրենց թեկնածուին, Բագրատյանն ասաց, որ իրենք շատ հարգում են իրենց ընդդիմադիր գործընկերներին, բայց հարցը տարբեր կողմերից վերլուծելով եկել են այն եզրահանգմանը, որ դա ոչինչ չի փոխի. «Մենք ոչինչ չէինք փոխել այդ պարագայում: 65 ձայնով 2-րդ փուլում կընտրվեր ՀՀ նախագահը, արդյունքում մենք ՀՀ նորընտիր նախագահին իշխանության դաշտ կմղեինք: Այսինքն` մենք չէինք տա այն ազատությունը, որն այժմ կունենա ՀՀ նորընտրի նախագահը` սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում»: Խոսելով Արմեն Սարգսյանի  ՀՀ-ից երկար ժամանակ բացակա լինելու և երկրի վիճակին ոչ լիարժեք ծանոթ լինելու մասին, բանախոսն ասաց, որ մտահոգություն բնականաբար կա, բայց եթե յուրաքանչյուրս որպես ՀՀ քաղաքացի փորձենք օգնել երկրի նախագահին, ապա ամեն ինչ կկարգավորվի: Անդրադառնալով այն կարծիքներին, որ  ՀՀ նախագահը այսուհետ լինելու է միայն հրամանագրեր և որոշումներ ստորագրող անձ և իրվունք չի ունենալու այլ որոշումնր կայացնելու, Բագրատյանն ընդգծեց, որ ժամանակի ընթացքում ՀՀ  նախագահը լիարժեք ծավալով կիրականացնի  իր պարտականությունները. «Մենք ունենք բավականին լուրջ դիվանագետ` ի դեմս Արմեն Սարգսյանի, ով մինչև այս պաշտոնը ստանձնելը համարժեք քննարկումներ ունեցել է աշխարհաքաղաքական կենտրոններում»: Հարցին` արդյոք «Ծառուկյան»  դաշինքը ընդդիմադիր դաշտից ՀՀԿ-ական դաշտ է տեղափոխվել, բանախոսն ասաց, որ բոլոր քաղաքական  ուժերին էլ մեղադրում են իշխանության հետ համագործակցության կասկածանքով: Պատգամավորը նկատց նաև, որ «Ելք» դաշինքին նույնպես այդ հարցում ամեն պահի կասկածում են և հավելեց, որ գուցե որոշակի քաղաքական պայմանավորվածություններ լինում են, բայց դա չի նշանակում, որ իրենք փոխել են իրենց քաղաքական դիրքորոշումները . «Ցանկացած քաղաքական հարաբերություն կարելի է դիտել որպես համագործակցություն լավ կամ վատ իմաստով»: Բագրատյանի խոսքով՝ ընդդիմությունը տարբեր երկրներում  հզոր լծակներ ունի և ցավոք սրտի մեր ընդդիմությունը դեռ չունի գործիքակազմ արգելափակելու իշխանության որոշումները, նա նշեց նաև, որ սա ժամանակի խնդիր է միայն, և կարճ ժամանակում մեր ընդդիմությունը նունպես ձեռք կբերի այդ գործիքները: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր