Քիչ առաջ ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը, որն իրականացվում էր ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՊԵԿ աշխատակիցների կողմից։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«Ուսումնասիրելով ներկայացված դատարանի որոշումները և իրավապահների փաստացի գործողությունները՝ հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
Ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման պահանջից՝ այս պահին շատ հանգամանքներ բացահայտման ենթակա չեն, սակայն կարող եմ հստակ արձանագրել, որ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։
Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց։ Իրավապահները, դուրս գալով իրենց տրված լիազորություններից, խուզարկություն իրականացրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը որևէ առնչություն չուներ ներկայացված որոշումների հետ։
Քաղաքական կուսակցության նկատմամբ նման ապօրինի գործողությունների իրականացումն անթույլատրելի է, դատապարտելի և հանդիսանում է քաղաքական ճնշման ակնհայտ փորձ։
Այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները», - նշել է Հովհաննիսյանը։