«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հայհոյանքներ հնչեցրած տղամարդ պատգամավորներին կոչ է անում խորհրդարանի ամբիոնից ներողություն խնդրել դահլիճում ներկա կանանցից։
Բաղդասարյանն ընդգծեց՝ խոսքը վերաբերում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին։
«Կարո՞ղ եք ունենալ այդ պատրաստակամությունը՝ գալ Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրել դահլիճում ներկա կանանցից։ Ես հեռու եմ այն մտայնությունից, որ դուք տանը՝ ձեր կանանց, երեխաների, ծնողների ներկայությամբ այդ բառամթերքով խոսում եք»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք՝ ՔՊ-ական Տարոն Չախոյանը երեկ Ազգային ժողովում լարեց իրավիճակը, պատգամավորները ծեծեցին իրար, անգամ աթոռներ նետեցին միմյանց վրա։
Ռուբեն Ռուբինյանը երկար ծեծից հետո միայն ընդմիջում հայտարարեց, սակայն ծեծկռտուքը նիստերի դահլիճից տեղափոխվեց միջանցք։