00:00:00

Դավիթ Համբարձումյանը զրկվեց ամենակարեւորից

19:38, 05 հունիս 2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը։ Դավիթ Համբարձումյանն ու եւս հինգ հոգի մեղադրվում են զանգվածային անկարգությունների մեջ։ Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Եվս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Քրեական գործով դատավարական կարգավիճակ ուներ 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի, 2-ը՝ կասկածյալի: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Քրեական գործի հարուցումից հետո Դավիթ Համբարձումյանը, տեղակալի եւ մյուս երեք անձանց հետ երեք օր անցկացրեց ճաղերից այն կողմ։ Այդ ընթացքում նրա համակիրներն ու ՀՀԿ-ական պատգամավորները իրակացրեցին բողոքի գործողությունները, առաջինները՝ փողոցում, երկրորդ կատեգորիան՝ խորհրդարանում։ ՀՀԿ-ական պատգամավորները  ստորագրահավաք նախաձեռնեցին։ Դժվար է ասել, արդյո՞ք իր դերակատարությունը ունեցել է Հանրապետականների միջամտությունը, որ Դավիթ Համբարձումյանին երեք օր անց դատարանի շենքից ազատ արձակեցին։  Համբարձումյան Դավիթի համար ՀՀԿ-ն այդ ժամանակ «վիզ» դրեց, որովհետեւ վերջինս համարվում էր ՀՀԿ-ական քաղաքապետ, քրեաօլիգարխիկ համակարգի առանցքային դեմքերից մեկը, չհաշված այն հանգամանքին, որ զուգահեռ այդ ամենին  նա նաեւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի  պետի փեսան էր։ Հիմա Դավիթ Համբարձումյանը քաղաքապետ չէ։ Նա զրկվել է ամենակարեւոր հանգամանքից՝ լծակներից։ Հանրապետականները դժվար թե հերթական անգամ անձնուրաց նետվեն պաշտպանելու զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվողին։ Չի բացառվում, որ ՀՀԿ-ն ձեռքերը լվա եւ հայտարարի, որ Դավիթ Համբարձումյանը օրինակ ինչպես ընտրությունների ժամանակ է սովորաբար լինում «արջի» ծառայություն է մատուցել ՀՀԿ-ին, եւ որ այդ կուսակցությունը որեւէ կապ չունի։ Այդ ժամանակ արդեն Դավիթ Համբարձումյանն ու մյուսները երկար ժամանակ զրկված կլինեն ազատությունից։ ՀՀԿ-ն յուրայիններին  «գցելու» գործում անփոխարինելի է։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր