Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նազովրեցի» հիմնադրամի պատվիրակությանը
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Նազովրեցի» միջազգային բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը՝ հիմնադիր Հայր Բենեդիկտ Քիլիի գլխավորությամբ։
Հանդիպմանը Հայր Բենեդիկտ Քիլին Նորին Սրբությանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, Հայոց Եկեղեցու թեմերի և համայնքների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող կրթական, սոցիալական ու գյուղատնտեսական ծրագրերը։
Անդրադառնալով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին՝ հյուրերն իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել միջազգային հարթակներում Հայոց Եկեղեցու առաքելության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Հայաստանում իրականացվող բարեսիրական ծրագրերի և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ կարիքավորներին զորակից լինելու, նրանց նկատմամաբ հոգատարության ու սիրո դրսևորումները հույս և մխիթարություն են պարգևում դժվարությունների մեջ հայտնված մարդկանց՝ զորացնելով նրանց հավատն ու լավատեսությունը։ Նորին Սրբությունը նշեց, որ մարդասիրական ծառայությունը Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է՝ անդրադարձ կատարելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծրագրերին և կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվող աջակցությանը։
Վերջում Հայոց Հայրապետը հիմնադրամի պատասխանատուներին մաղթեց Աստծո օգնականությունն ու արդյունավոր ընթացք իրենց մարդասիրական առաքելության մեջ։