00:00:00

Ինչ ունեցվածք ունի Քաջարանի համայնքապետը․ «Ժողովուրդ»

09:25, 10 սեպտեմբեր 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել մարզերի համայնքապետերի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հայտարարագրերը։


Փարամազյանը 2016 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ն աշխատել է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար։ 2017 թվականին ընտրվել, 2022-ին վերընտրվել է։ Նրա 2021 թվականի հայտարարագրում որպես եկամուտ նշված է 26 մլն 492 հազար 863 դրամ։ Դրանից 24 մլն դրամը Փարամազյանը ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից՝ վարձակալության դիմաց, իսկ 2 մլն 492 հազար 863 դրամը՝ Քաջարանի համայնքապետարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն։

2021 թվականին նրա անունով եղել են երկու անշարժ գույք՝ Քաջարանում գտնվող հասարակական նշանակության շինություն և բնակարան։ Շինությունը ձեռք էր բերվել 2011 թվականին՝ գնման, իսկ բնակարանը՝ 2019 թվականին՝ նվիրատվության եղանակով։ Նույն ժամանակահատվածում Փարամազյանը հայտարարագրել էր 2019 թվականի Toyota մակնիշի ավտոմեքենա։

2021 թվականի տարեվերջին Փարամազյանի բանկային հաշիվներում առկա էր ընդհանուր 14 մլն 34 հազար 169 դրամ և 82 եվրո, մինչդեռ տարվա սկզբին հաշիվներում եղել էր 5 մլն 200 հազար 792 դրամ և 96 եվրո։ Կանխիկ գումարը տարվա սկզբի 400 հազար դրամից տարեվերջին նվազել էր մինչև 20 հազար դրամ։

Նույն հայտարարագրում նշված էր նաև, որ Փարամազյանը 100 տոկոս մասնակցություն ուներ «Տրամպ» ՍՊԸ-ում և 100 տոկոս մասնակցություն՝ «Մալիլու» ՍՊԸ-ում։ 2021 թվականի տարեվերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունների մայր գումարի մնացորդը կազմել էր 2 մլն 477 հազար 212 դրամ։

Այժմ՝ 2025 թվականի հայտարարագրում, Փարամազյանի հիմնական անշարժ գույքը չի փոխվել․ նրա անունով կրկին նշված են Քաջարանում գտնվող նույն հասարակական նշանակության շինությունն ու բնակարանը։ Նա շարունակում է ունենալ նաև 2019 թվականի Toyota ավտոմեքենան։

2025 թվականին, սակայն, նրա հայտարարագրած եկամուտը կազմել է 11 մլն 139 հազար 768 դրամ։ Դրանից 9 մլն 526 հազար 864 դրամը աշխատանքի վարձատրությունն է Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմից, իսկ 1 մլն 612 հազար 904 դրամը՝ ԶՊՄԿ-ից ստացված վարձակալական եկամուտը։

2025 թվականի տարեվերջին Փարամազյանի բանկային հաշիվներում առկա գումարը կազմել է ընդհանուր 14 մլն 460 հազար 706 դրամ, մինչդեռ տարվա սկզբին այն եղել է 13 մլն 918 հազար 289 դրամ։ Այսինքն՝ բանկային հաշիվների դրամական մնացորդը տարվա ընթացքում ավելացել է մոտ 542 հազար դրամով։ Կանխիկ գումարը, հակառակը, նվազել է՝ 220 հազարից հասնելով 120 հազար դրամի։

Այսպիսով, հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ 2021-ից 2025 թվականներին Փարամազյանի հայտարարագրած երկու անշարժ գույքն ու Toyota ավտոմեքենան պահպանվել են, իսկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները 2025 թվականի վերջին գրեթե նույն մակարդակի են եղել, ինչ 2021 թվականի վերջին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր