00:00:00

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

21:06, 16 օգոստոս 2026 Աշխարհ

 

 

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։

«Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել շարունակվող բռնությունը Արևմտյան ափի պաղեստինյան քաղաքացիական բնակչության դեմ», — հայտարարել է հովվապետը կիրակնօրյա աղոթքից հետո՝ Հռոմի մերձակա Կաստել Գանդոլֆոյում գտնվող իր նստավայրում։

Լևոն XIV-ը նաև կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել ջանքերը՝ երկու պետությունների ստեղծման լուծումը առաջ մղելու համար։

«Ես վճռականորեն խնդրում եմ միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների լուծումը առաջ մղելու համար, որը կապահովեր արդար և կայուն խաղաղություն», — ասել է նա։

Կոչը հնչել է Արևմտյան ափում իրավիճակի սրման ֆոնին։ Մասնավորապես, պաղեստինյան Կուսրա գյուղում իսրայելցի բնակիչները շրջափակել են բնակելի տները՝ ջուրն ու էլեկտրականությունն անջատելուց հետո։ Մարդու իրավունքների կազմակերպությունները տեղի ունեցողը գնահատում են որպես ավելի լայն արշավի մաս, որն ուղղված է պաղեստինյան հողերի զավթմանը և իսրայելական բնակավայրերի հետագա ընդլայնմանը։

Վատիկանը երկար տարիներ աջակցում է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը։ Պաղեստինը՝ այն սահմաններով, որոնք ներառում են Գազայի հատվածը և Արևմտյան ափը, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմը, ճանաչել են ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 150-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը շարունակում է Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնումը։ Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել էր, որ այս քաղաքականությունը կոչված է բացառելու պաղեստինյան պետության ստեղծման հեռանկարը։

ՄԱԿ-ը և աշխարհի պետությունների մեծ մասը օկուպացված տարածքում իսրայելական բնակավայրերը համարում են անօրինական՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Իսրայելը, իր հերթին, պնդում է, որ Արևմտյան ափի կարգավիճակը վիճելի է և այն չի ճանաչում որպես օկուպացված տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր