«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչպես ձեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Այս մասին Նախիջևանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք վստահությամբ և մեծ հմտությամբ քայլում էինք դեպի այս նպատակը, մենք մոտենում էինք և արդեն մոտեցել ենք»,-հավելել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը:
Նա «նախազգուշացրել է» Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին՝ կապված Հայկական ատոմակայանի փակման հետ։ Նրա խոսքով՝ ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»։
«Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է»,-ասել է Ալիևը
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օգոստոսի 8-ին ունեցած զրույցում քննարկել է TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ զրույցից «պարզ է դարձել», որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։
«Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են»,-ասել է Ադրբեջանի նախագահը: