00:00:00

Ինչ ունեցվածք ունի նախկին վարչապետի որդուն կալանավորած դատավոր Ջոն Հայրապետյանը․ «Ժողովուրդ»

08:39, 11 օգոստոս 2026 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկացել էր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, երկու ամսով կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քաղաքի դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել էր սպանություն պատվիրելու մեղադրանքով, ինչի մասին Քննչական կոմիտեն հայտնել էր օգոստոսի 8-ին։

 

 

Այժմ ներկայացնում ենք, թե ինչ ճանապարհ է անցել Ջոն Հայրապետյանը մինչև դատավոր դառնալը, և ինչ ունեցվածք է նա հայտարարագրել։

 

 

Ջոն Հայրապետյանը ծնվել է 1989 թվականին Երևանում։ 2012-2019 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ որպես դատավորի օգնական, ապա՝ դատավորի ավագ օգնական։ 2019 թվականի նոյեմբերին նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ 2020 թվականի հոկտեմբերին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

 

Ջոն Հայրապետյանը հանրությանը առավել հայտնի է «Հյուսիսային տերևաթափ» անունով հայտնի քրեական գործով, որը նա նախագահում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում։ Գործը վերաբերում է, ըստ մեղադրանքի, մի խմբի կողմից ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, պետական մարմինների գործունեությունը կազմալուծելու և պետական նշանակության շինություններ զավթելու ու պահելու ենթադրյալ ծրագրին։ Քննչական մարմինների վարկածով՝ խմբի անդամները նախապատրաստել էին պայթյուններ և այլ հանրավտանգ գործողություններ, սակայն ծրագիրը բացահայտվել էր ԱԱԾ-ի կողմից և չէր իրականացվել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը 2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին նա ունեցել է համատեղ սեփականությամբ Երևանում երկու անշարժ գույք՝ ավտոկայանատեղի, որը ձեռք է բերել 2024 թվականի օգոստոսի 22-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերել 2024 թվականի օգոստոսի 15-ին։ Տարվա վերջին երկու գույքերն էլ պահպանվել են։

Տրանսպորտային միջոցներից դատավորի հայտարարագրում նշված է 2021 թվականի արտադրության Tesla մարդատար ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել 2024 թվականի հունվարի 24-ին՝ գնման եղանակով։

Բանկային ավանդի մնացորդը 2025 թվականի սկզբին եղել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն դրամ։

Բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում փոփոխվել են։ Տարվա սկզբին մեկ հաշվին առկա է եղել 144 հազար 432 դրամ, տարեվերջին՝ 216 հազար դրամ։ Մեկ այլ հաշվին սկզբնական մնացորդը կազմել է 95 հազար դրամ, իսկ վերջնականը՝ 813 հազար դրամ։ Երրորդ հաշվին տարվա սկզբին եղել է 1 մլն 1 հազար 127 դրամ, իսկ տարեվերջին՝ 425 հազար դրամ։

Դոլարային հաշվին տարվա սկզբին եղել է 111 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 1,311 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ հաշվին տարվա սկզբի մնացորդը կազմել է 608 հազար դրամ, իսկ տարեվերջինը՝ 606 հազար դրամ։

Դատավորի հայտարարագրում ներառված են նաև կրիպտոարժույթներ։ Տարվա սկզբին նա ունեցել է 2,000 FTN, իսկ տարվա վերջին՝ 8.5 ZEC։ NOT կրիպտոարժույթի դեպքում տարվա սկզբի և վերջի մնացորդը կազմել է 150,718, իսկ TON-ի դեպքում՝ 707։

Կանխիկ միջոցները տարվա ընթացքում չեն փոխվել։ Տարվա սկզբին և վերջին նա ունեցել է 2 մլն դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար։

Ջոն Հայրապետյանի 2025 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 412 հազար 848 դրամ։ Նա «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից ստացել է 668 հազար 432 դրամ աշխատանքի վարձատրություն։

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտից նրա ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 14 մլն 538 հազար 281 դրամ։

«Ռուս-Հայկական համալսարան»-ից նա ստացել է 320 հազար դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, և 639 հազար 635 դրամ՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից ստացած եկամուտը կազմել է 240 հազար 500 դրամ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։

Վարձակալության դիմաց դատավորը ստացել է 5 մլն 940 հազար դրամ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 66 հազար դրամ եկամտային հարկի վերադարձ։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ջոն Հայրապետյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 19 մլն 286 հազար 234 դրամ։ Այն հիփոթեքային վարկ է՝ բնակարանի և ավտոկայանատեղիի ձեռքբերման նպատակով։ Վարկի մարմանն ուղղված վճարումները տարվա ընթացքում կազմել են 3 մլն 942 հազար 749 դրամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր